Կիևին պարտադրված խաղաղությունը երբեք չի ստանա Բեռլինի աջակցությունը. Շոլց

Եթե խաղաղությունը Կիևին պարտադրվի դրսից, այն երբեք չի ստանա Բեռլինի աջակցությունը, այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովին (DW):
Նշելով, որ Ռուսաստանի հաղթանակը կամ Ուկրաինայի անկումը չեն հանգեցնի խաղաղության՝ Օլաֆ Շոլցն ընդգծել է, որ եթե այդպիսի խաղաղությունը Կիևին պարտադրվի դրսից, այն երբեք չի ստանա Բեռլինի աջակցությունը. «Մենք չենք ընդունի որևէ որոշում, որը կհանգեցնի եվրոպական և ամերիկյան անվտանգության խախտմանը»:
Շոլցը Ռուսաստանին մեղադրել է անդրատլանտյան դաշինքի պետությունների դեմ վտանգավոր գործողություններ ձեռնարկելու մեջ՝ դրանց թվին դասելով ստորջրյա մալուխների և այլ ենթակառուցվածքների աշխատանքը խափանելու դիվերսիաները, հրկիզումները, ապատեղեկատվությունը և ժողովրդավարական ընտրությունները մանիպուլացնելու փորձերը:
Բանակցություններում ձեռք բերված ցանկացած որոշման արդյունքում Ուկրաինան «պետք է ունենա զինված ուժեր, որոնք կկարողանան հետ մղել Ռուսաստանի ցանկացած նոր հարձակում»,- հայտարարել է Շոլցը :
Գերմանիայի ղեկավարն ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ կլինի Ուկրաինայի եվրոպական, անդրատլանտյան և միջազգային գործընկերների հետագա օգնությունը: «Սա հսկայական մարտահրավեր կլինի ֆինանսական, նյութական և լոգիստիկ տեսանկյունից»,- ասել է Շոլցը:
«Հենց մենք՝ եվրոպացիներս ենք ամենաշատն աջակցում Ուկրաինային»,- ընդգծել է նա՝ նշելով, որ Եվրոպան կշարունակի օգնել Կիևին «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»:
Պնդելով, որ Ռուսաստանի հետ բանակցություններում պետք է հաշվի առնվի Ուկրաինայի «ինքնիշխան անկախությունը», Շոլցը հավանություն է տվել այն փաստին, որ Վաշինգտոնը հաստատել է այն պահպանելու ընդհանուր նպատակը:
Շոլցը Վենսից պահանջել է չմիջամտել Գերմանիայի ընտրարշավին
Օլաֆ Շոլցի ելույթի զգալի մասը նվիրված է եղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթին, որը նախորդ օրը աջակցություն էր հայտնել աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցությանը: Ըստ Շոլցի՝ ԱԳՀ ներկայացուցիչներն արդեն փորձել են նվազեցնել նացիոնալ-սոցիալիզմի և նրա սարսափելի հանցագործությունների նշանակությունը՝ դրանք անվանելով «թռչնի կղկղանք Գերմանիայի պատմության մեջ»: «Այլևս երբեք» սկզբունքին հավատարմությունը, որի մասին խոսել էր Վենսը փետրվարի 13-ին Դախաուի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր այցելության ժամանակ, անհամատեղելի է ԱԳՀ-ին աջակցության հետ, ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:
Տե՛ս նաև՝ Մյունխենի համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Վենսը սուր քննադատել է եվրոպացի գործիչներին
«Հետևաբար, մենք չենք ընդունի, եթե կողմնակի անձինք միջամտեն մեր ժողովրդավարությանը, մեր ընտրություններին և ժողովրդավարական կարծիքի ձևավորման գործընթացին՝ հօգուտ այս կուսակցության»,- հայտարարել է Օլաֆ Շոլցը:
«Այդպես չեն վարվում, առավել ևս ընկերների ու դաշնակիցների միջև, և մենք դա վճռականորեն մերժում ենք,- ասել է նա։- Թե ինչպես կզարգանա մեր ժողովրդավարությունը, որոշում ենք մենք ինքներս»:
Ջեյ Դի Վենսը Մյունխենի համաժողովում իր ելույթում խիստ քննադատել էր եվրոպական դաշնակիցներին այն բանի համար, ինչը նա համարում է ժողովրդավարության և խոսքի ազատության սահմանափակում՝ որպես օրինակ բերելով Ռումինիայում նախագահական ընտրությունների չեղարկումը և սոցիալական ցանցերի սահմանափակումները: Բացի այդ, նա անուղղակիորեն անդրադարձել էր ԱԳՀ-ից հեռավորության պահպանման վերաբերյալ ներգերմանական քննարկմանը՝ կոչ անելով «չկառուցել հրապատեր» և «չվախենալ ապագայից»:
Մյունխենի համաժողովի շրջանակներում ԱՄՆ փոխնախաահը նաև հանդիպել է ԱԳՀ առաջնորդ Ալիս Վայդելի հետ, մինչդեռ Շոլցի հետ հանդիպելուց հրաժարվել է: Դաշնային կանցլերի գրասենյակում դա բացատրել են աշխատանքային գրաֆիկի հետ կապված խնդիրներով:
Civilnet










