Կրթության և գիտության նախարար, հանրապետական Արմեն Աշոտյանն արձագանքել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը: Ֆեյսբուքում նա գրառում է արել՝ «ԲՀԿ-ի հայտարարությունը` հակասահմանադրական իշխանափոխության փո՞րձ» վերնագրով:
«Ընթերցելով ԲՀԿ-ի այսօրվա հայտարարությունը մեկ այլ ուշագրավ պնդում հայտնաբերեցի. «Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով …»:
Ի՞նչ: Պարոնայք, իսկ դուք գիտե՞ք, որ Հայաստանում ըստ ԳՈՐԾՈՂ Սահմանադրության ՀՀ Նախագահի պաշտոնավարման ժամկետը ՀԻՆԳ տարի է»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աշոտյանը:
Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 6-ին հայտարարել էր, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական այլ ուժերի հետ խորհրդակցություններ է սկսելու կառավարման խորհրդարանական համակարգի և 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ: