Քոչարյանը՝ գաղտնազերծած փաստաթղթերի մասին

ԱՄՆ-ը փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը որևէ առաջարկ չի արել, (1999-ի) հոկտեմբերի 27-ի հանդիպմանը ԱՄՆ-ի կողմից որևէ առաջարկություն չի եղել․ այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերի մասին հարցին։

Փաստաթղթերի հիման վրա «Ազատություն» ռադիոկայանը ծավալուն ռեպորտաժ էր պատրաստել տարածքների փոխանակման առաջարկի վերաբերյալ, որով ենթադրվել է Մեղրիի շրջանի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հետ։

Քոչարյանը նշեց, որ մինչև 1999-ը բանակցային գործընթացը տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքի համատեղման տրամաբանությամբ էր։

Քոչարյանը հիշատակեց 1998-ին Ռուսաստանի առաջարկած Ընդհանուր պետության առաջարկի մասին. «Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում՝ ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով։ Եվ հանկարծ Վաշինգտոնում Ալիևն ինձ ասում է՝ եկեք իրարից անջատվենք։ [․․․] Մտածում էի, որ եթե համանախագահների մոտ Ալիևը դրա մասին բարձրաձայնի, ուրեմն մենք այդ կաղապարված վիճակից դուրս կգանք։ Ինքն առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը»։

Քոչարյանի խոսքով՝ գործընթացը մեզ համար շահավետ էր. «Բայց առաջին օրվանից ես չէի կասկածում, որ այս քննարկումները հնարավոր է բերել մեզ համար ընդունելի տարբերակի, որովհետև այդ ընթացքում Ալիևն այնուամենայնիվ ստանում էր վեց շրջան։ Կար մոտիվացիան, որովհետև ինքը ստանալու բան ուներ»,- նշեց նա։

Քոչարյանը շեշտեց, որ բացի Քի Վեսթից այդ երկու տարիներին որևէ այլ առաջարկ չի եղել։

2001-ին Քի Վեստում ձեռք բերված պայմանավորվածությամբ (որից Ադրբեջանը հետո հրաժարվեց), Լեռնային Ղարաբաղը միանում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը Հայաստանի հարավով ստանում էր սուվերեն միջանցք իր էքսկլավ Նախիջևանի հետ կապվելու համար։

Քոչարյանը շեշտեց, որ սուվերեն միջանցքը չէր խախտում Հայաստանի կապի անընդհատությունը Իրանի հետ, և այդ ճանապարհի տակի հողը և վերևի օդը Հայաստանի ինքնիշխանությանն էր մնում։

Անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման տարբեր առաջարկների գաղտնազերծման մասին հարցին՝ Քոչարյանը նշեց, որ մինչև հիմա չի հրապարակվել միայն Քի Վեստի համաձայնագիրը և 2019-ի ռուսական առաջարկը (Լավրովի պլանը):

Տե՛ս նաև՝ Ղարաբաղյան կարգավորման յոթ պլանները, որ ներկայացվել են 1997-ից ի վեր

Մեկնաբանել