Փետրվարի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար։ Դիմավորման արարողությանը ներկա էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը, որն էլ պետքարտուղարի հետ կարճատև զրույցի հնարավորություն է ունեցել։ Մանրամասների համար ՍիվիլՆեթը դիմեց դիվանապետին։
Ներկայացնելով Ռուբիոյի հետ զրույցի բովանդակությունը՝ դիվանապետը տեղեկացրեց, որ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի այցը պաշտոնական չէր. նա եկել է պատարագի մասնակցելու նպատակով։
«Բարձրաձայնեցինք Իսրայելում քրիստոնյաների ներկայության հարցը, նրանց հեռանալու հետ կապված մտահոգությունները։ Պետքարտուղարը նշեց, որ շատ քրիստոնյաներ, այդ թվում՝ հայեր, արդեն հեռացել են Սիրիայից, Լիբանանից ու մերձավորարևելյան այլ երկրներից, և ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որ քրիստոնյաների ներկայությունը Իսրայելում հաստատուն մնա՝ վերոհիշյալ երկրների օրինակը չկրկնելու համար։ Պետքարտուղարը նաև շնորհակալություն հայտնեց մեզ ծառայության ու ջանքերի համար՝ խոստանալով ուշադրության կենտրոնում պահել մեր բարձրացրած խնդիրներն ու կրկին այցելել»,- հայտնեց Հայոց պատրիարքարանի դիվանապետը։
***
2022 թվականի հուլիսին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմ այցի շրջանակում այցելել էր Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի։ Նա հանդիպում էր ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:
Ստելլա Մեհրաբեկյան
Civilnet











