Վրաստանի խորհրդարանի խոսնակն ընդունել է Հայաստան այցի հրավերը

Նոյեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելել է Քութայիսիում տեղակայված Վրաստանի նորընտիր խորհրդարան` վերջինիս նախագահի և ղեկավար կազմի այլ անդամների հետ հանդիպման նպատակով, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Վրաստանի խորհրդարանի նորանշանակ խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին, ողջունելով ՀՀ դեսպանին, նշել է, որ ՄԱԿ-ի և ԵՄ-ի դեսպաններից հետո սա իր երրորդ հանդիպումն է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, ընդ որում` Հայաստանի դեսպանն առաջինն է, ում հետ հանդիպումը կայանում է Քութայիսիի խորհրդարանի նորակառույց շենքում:

Հովհաննես Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ ծանոթությունը նորընտիր խորհրդարանի ղեկավարության հետ և իր այցի ընթացքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները գործնական նոր լիցքեր կհաղորդեն ոչ միայն միջխորհրդարանական համագործակցությանը, այլև կարևոր քայլ կհանդիսանան հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման և խորացման հեռանկարի տեսանկյունից:
Վրաստանի խորհրդարանի նախագահը և ՀՀ դեսպանը, բարձր գնահատելով հայ-վրացական երկկողմ հարաբերությունների մակարդակը անվտանգության հարցերի, տնտեսական, էներգետիկ և տարանցիկ առևտրի, կրթամշակութային և այլ բնագավառներում, միակարծիք էին համագործակցության հետագա խորացման անհրաժեշտության առումով: Երկուստեք ամրագրվել է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ու տնտեսական ինտեգրմանն ուղղված քայլերի ակտիվացման կարևորությունը: Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների խթանման գործընթացին, մասնավորապես` միջխորհրդարանական հարաբերությունների ոլորտում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վրաստանի հայ համայնքին հուզող հիմնախնդիրներին և դրանք անկաշկանդ բարձրացնելու և քննարկելու իրավական և փաստացի հնարավորության ապահովման կարևորությանը:

Դեսպանն իր զրուցակցին է փոխանցել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի կողմից: 

Վրաստանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ տիկին Մանանա Կոբախիձեի հետ հանդիպման ընթացքում Մանուկյանն անդրադարձել է միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն ուղղված գործընթացներին: Զրուցակիցները, մասնավորապես, ընդգծել են պատգամավորական բարեկամության խմբերի համագործակցության, օրինաստեղծ գործունեության բնագավառում փորձի փոխանակման, միջազգային հարթակներում համագործակցության կարևորությունը:

Նույն օրը դեսպանը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակներ Զուրաբ Աբաշիձեի, Մուրման Դումբաձեի և Զվիադ Ձիձիգուրիի, ինչպես նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Թեդո Ջափարիձեի հետ: