Նարինեն (անունը փոխված է) մանկուց սովոր է եղել լռել։ Նա տեսել է, թե ինչպես է հայրը պարբերաբար ծեծում ու անարգում մորը, իսկ ամուսնանալուց հետո էլ իր նկատմամբ բռնությունն է ընդունել որպես ընտանեկան կյանքի բնական մաս։ 16 տարի անց նա որոշել է խոսել ու կոտրել բռնության շղթան։ Բայց բռնությունը Հայստանում չի ավարտվում միայն բռնարարին լքելով։
Փախուստ բռնությունից բռնություն
«Ես կին եմ, որի մանկությունն անցել է բռնության ականատեսի դերում։ Հայրս միշտ ծեծում էր մորս։ Մայրս լռում էր, ես էլ»,- այսպես է սկսում իր մասին պատմել 42 տարեկան Նարինեն։

Երբ Նարինեն դառնում է 17 տարեկան, մայրը նրան հորդորում է ուսումը շարունակելու փոխարեն ամուսնանալ, հեռանալ բռնարար հորից ու «փրկվել» այդ իրականությունից։
Բայց նրան ոչ պակաս դաժան իրականություն էր սպասվում։ Ամուսնական կյանքի առաջին շրջանում Նարինեն ընտանիքի անդամների կողմից ենթարկվում էր հոգեբանական բռնության։ Ամուսինը նրան զրկել էր հեռախոսից և սահմանափակել տեսակցությունը ծնողների հետ։
«Հետո սկսեցին՝ ամուսինս, տալս, սկեսուրս, այսպես ասած, վերադաստիարակել ինձ։ Իրենց կարծիքով՝ ես լավ դաստիարակված չէի։ Նեղվում էի, վիրավորվում էի, բայց ասել էին՝ ընտանեկան կյանքը այդպես պետք է լինի»,- պատմում է Նարինեն։
Իսկ երկու տարի անց, երբ ծնվում է նրանց առաջնեկը, հոգեբանական բռնությանն ու սահմանափակումներրին ավելանում է ֆիզիկական բռնությունը։ Նարինեն դաժան ծեծի էր ենթարկվում՝ ոտքի հարվածներից մինչև վառարանի համար նախատեսված երկաթյա պարագայով։ Ամուսինը ծեծը բացատրում էր մեկ բառով՝ լեզվանի ես։
«Ամուսինս ինձ ծեծում էր անգամ այն դեպքում, երբ պարզապես անհամաձայնություն էի հայտնում որևէ հարցում, թեկուզ՝ աննշան խնդիրների դեպքում»,- հիշում է նա։ Նարինեն բռնության էր ենթարկվում, երբ երեխաներին նախատում էր դասերին չպատրաստվելու համար կամ սեփական կարծիքը որևէ հարցի մասին ասելու դեպքում։

Հաճախակի դարձող և դաժանացող ծեծի արդյունքում Նարինեն առողջական խնդիրներ է ձեռք բերում՝ ողնաշարի ցավերից մինչև առ այսօր պահպանված լսողության խնդիրներ։
Ամուսնու հարազատները պարբերաբար հիշատակում էին նաև Նարինեի ընտանիքի սոցիալապես անապահով լինելը, ծաղրում նրան և ստիպում, որ անդադար աշխատի՝ տնային գործեր, այգու խնամք, անասնագոմում դաժան և հոգնեցնող ամենօրյա աշխատանք։
Ամուսինն իր հերթին բռնության նոր երանգ է ավելացնում՝ սեռական բռնություն։ Արդյունքում ծնվում է Նարինեի երկրորդ երեխան։ Այս հղիության ընթացքում, ինչպես պատմում է, ևս դաժան ծեծի է ենթարկվել մինչև հենց ծննդաբերության օրը։
Կյանքը՝ բռնարարից հեռանալուց հետո
Ութ տարի հանդուրժելուց հետո միայն Նարինեն ամուսնուց հեռանալու փորձ է անում․ ոստիկանություն է դիմում, որտեղ սակայն, դիմումը չեն ընդունում՝ ասելով, որ ամուսինդ է, պետք է հաշտվել։ Երկրորդ փորձը տնից գնալն էր, բայց ինչպես ինքն է ասում՝ համոզել և վերադարձրել են ընտանիք՝ խոստանալով, որ բռնություն այլևս չի լինի։
Նարինեի կյանքում սակայն ոչինչ այդպես էլ չի փոխվում՝ վեճեր, նվաստացում, ծեծ՝ երեխաների ներկայությամբ։
Սկսում է սպասել հարմար առիթի, որ երեխաներին վերցնի ու գաղտնի հեռանա տնից։ Ասում է՝ տեղյակ էր Կանանց աջակցման կենտրոնի, ապաստարանների մասին և ծրագրում էր նրանց օգնությանը դիմել։ Այս որոշումն ավելի է ամրանում նրա մտքում, երբ իմանում է, որ հայրը հերթական դաժանության ժամանակ սպանել է մորը։
Նարինեն մտածած սցենարը կյանքի չի կոչվում․ ամուսնու հերթական ծեծը գրեթե անգիտակից վիճակի է հասցնում նրան։ Դեպքի վայր է ժամանում շտապօգնությունն ու ոստիկանությունը՝ եղբոր ահազանգով։ Նարինեն պատմում է, որ սկեսուրը երեխաներին «թևերի տակ է առնում» և ասում, որ նա մենակ հեռանա, իսկ երեխաները կմնան իր հետ։ Ինչպես Նարինեն է պատմում, այդ անգամ հարվածները գլխին էին և արտաքին հետքեր չկային, իսկ բռնությունը հաստատելու համար հետազոտության համար նրան պահանջում են վճարել։ Նարինեն անհրաժեշտ գումարը վճարել չի կարողանում։
«Օրենսդրական դաշտը թերի է, մեխանիզմներ չկան։ 2013-ին ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը դեկլարատիվ բնույթ ունի և պատժի մեխանիզմներ չի պարունակում: 2017-ին ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման» մասին օրենքում նույնպես գենդերային շեշտադրումը թույլ է: Այն դիտարկում է ընտանիքի ավելի լայն հասկացություն՝ ներառելով հայրը, մայրը, եղբայրը, երեխաները և այլն»,- ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Հոգեպես և ֆիզիկապես հյուծված Նարինեն տնից միայնակ հեռանում է՝ հույսը դնելով դատարանի արդար որոշման վրա։ Մեկ ամիս ապրում է հոր տանը, ապա բարեկամուհին կանչում է իր տուն և հուշում աշխատանքի հնարավորության մասին։ Չորս ամիս ապրում և աշխատում է այստեղ, ապա տուն վարձում ու շարունակում արդեն միայնակ ապրել մինչև հիմա։ Դատարան այդպես էլ ընթացք չի տալիս գործին և ամուսնաընտանեկան այս վեճը լուծում է որպես սովորական ամուսնալուծության դեպք՝ բռնության դրվագը որակելով սուտ և ապատեղեկատվություն։
Կարծրատիպային մտածելակերպ և ապատեղեկատվություն
Անգամ ամուսնուն լքելու փաստը չի ազատում Նարինեին։ Աս անգամ նա հայտնվում է գենդերային ապատեղեկատվության թիրախում․ սոցիալական ցանցերում, հարազատների ու բարեկամների մոտ տղամարդը սկսում է կեղծ տեղեկություններ տարածել նրա մասին։
Հայաստանում գենդերային ապատեղեկատվությունը, կարծատիպային մտածողությունն ու սեռով պայմանավորված պիտակավորումները հաճախ միահյուսվում են։
Գենդերային ապատեղեկատվությունը «տեղեկատվության» տեսակ է, որը ենթադրում է անձի սեռի հետ կապված կեղծ, ապակողմնորոշող կամ մտաշահարկող տեղեկության կանխամտածված ստեղծում և տարածում։ Նման «տեղեկատվությունը» նպատակ ունի կասկածի տակ դնել անձի բարոյական հատկանիշները, կնոջ կարողությունները, սեռականությունը, հոգեկան առողջությունը և նսեմացնել կնոջ արժանապատվությունը։ Նման ապատեղեկատվությունն օգտագործվում է միտումնավոր վտանգավոր կարծրատիպերն ամրապնդելու և այդ կարծրատիպերը որպես գործիք օգտագործելու, դիմացինին վնասելու, լռեցնելու և չեզոքացնելու համար։
Մասնագետները գենդերային ապատեղեկատվության տարածման մի քանի հիմնական պատճառ/նպատակ են առանձնացնում՝ քաղաքական շարժառիթներ, տնտեսական շահեր, թվային գրագիտության պակաս և մշակութային կարծատիպեր։
Ամենավտանգավորն ու դժվար նույնականացողը կնոջը պիտակավորելու միջոցով ապատեղեկատվություն տարածելն է, որի օգնությամբ բռնարարը կարողանում է լռեցնել զոհին ու դեպքերի զարգացումը տանել ի շահ իրեն։
Ընդհանրապես, գենդերային ապատեղեկատվության տարածման հիմնական մեխանիզմը սոցիալական մեդիան է։ Բայց որոշ դեպքերում «արդյունավետությամբ» չի զիջում նաև բամբասանքի ինստիտուտը։
Նարինեն նման դասական ապատեղեկատվության զոհն է։ Ընտանիքի անդամները սկսեցին բուռն տարածել պատմույթը, թե նա հոգեկան լուրջ խնդիրներ ունի, դավաճանում է ամուսնուն, սիրեկաններ ունի։
Դատարանը Նարինեի դեպքը քննեց որպես սովորական ամուսնաընտանեկան վեճ, իսկ երեխաներին հանձնեց հորը՝ հիմնվելով անչափահաս երեխաների ցուցմունքի վրա, թե մայրն իրենց հետ վատ է վարվում։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ ոստիկանությունն անպատասխան է թողել Նարինեի հայցն այն մասին, որ իրեն պարբերաբար բռնության են ենթարկում և որևէ գործողություն չի արել։
«Երեխաներին վերադարձնելու համար հնարավորություն կա պահանջել դատահոգեբանական փորձաքննություն, որը կպարզի՝ արդյոք երեխաներին մանիպուլացրել են, թե ոչ։ Բայց խոսքն այնքան մեծ ծախսի մասին է՝ 400-800,000 դրամ, որ ֆինանսական անկայուն վիճակում կինը դա վճարել չի կարող»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։
Գենդերային փորձագետ Անի Կոջոյանն այս դեպքը գենդերային ապատեղեկատվության դասական օրինակ է համարում։
«Սովորաբար նախ պիտակավորում են կնոջը՝ ասելով, որ հոգեկան առողջության խնդիրներ ունի, հոգեբուժարան պետք է տանել և այլն։ Հետո, եթե չեն կարողանում հաջողության հասնել, ավելացնում են անբարոյական լինելու կեղծ հանգամանքը»,- ասում է Անի Կոջոյանը։
Նարինեին թիրախավորելու, նրա անձի մասին կեղծ տեղեկություններ տարածելու գործընթացքը սակայն չի ավարտվում նաև դատարանի որոշումից, Նարինեի հեռանալուց հետո։ Ամուսնու ընտանիքը տարբեր շրջանաներում՝ հարևաններ, ընդհանուր ծանոթներ, բարեկամներ, շարունակում է տարածել տեղեկատվություն, թե Նարինեն անբարո էր՝ սիրեկաններ ուներ, հոգեկան խնդրներ ուներ, և տնից ոչ թե հեռացել է ինքնակամ, այլ հոգեբուժարան են տարել։
Օգտագործելով սոցիալական մեդիան՝ նման մեկնաբանություններ են տարածում նաև նյութերի տակ, որտեղ Նարինեն պատմում էր իր մասին։ Որոշ դեպքերում լրատվամիջոցների անզգուշությունը նույնպես վատ ազդեցություն է թողնում։
«Հաղորդումներից մեկից հետո հետնաբեմում ինձ մոտեցավ մի հանրային գործիչ, որ հաղորդման բանախոս էր, ասաց՝ ավելի լավ է երեխաներիդ չծեծես»,- հիշում է նա։
Մեդիադաշտի վերահսկողության բացակայությունը նույնպես լուրջ մարտահրավեր է։ ՕքսԵՋեն հիմնադրամը վեց ամիս հայաստանյան լրատվադաշտն ուսումնասիրելուց հետո եզրակացրել է, որ գենդերային ապատեղեկատվության առաջնային տարածողները լրագրողներն են (և՛ միտումնավոր, և՛ զգայունությունը չհասկանալու արդյունքում)։ Իսկ հասարակության թվային գրագիտության ոչ բավարար մակարդակը դժվարացնում է սոցիալական հարթակներում գենդերային ապատեղեկատվության ճանաչումն ու տարբերակումը։
Այս կեղծ տեղեկությունները բամբասանքի ուժով հասան նաև կնոջ աշխատավայր։ Այդ ժամանակ նա աշխատում էր սննդի կետերից մեկում։
«Ինձ ասում էին, եթե դու լավ մայր ու կին լինեիր, երեխաներիդ ինչու կվերցնեին, քեզ էլ վտարեին տանից»,- պատմում է Նարինեն։
Հենց նման արատավոր երևույթն էլ պատճառ է դառնում, որ Նարինեն անունը չի բացահայտում՝ խուսափել հերթական թիրախավորումից։
Երեխաների հետ Նարինեի շփումը վերականգնվում է միայն հինգ տարի անց, երբ բռնարար ամուսինը ավտովթարից մահանում է։
Նարինեն շարունակում է պայքարը
Նարինեի պատմությունը վառ օրինակ է, թե ինչպես է բռնությունը շղթայաբար գործում։ Իրավասու մարմինները, որոնք պետք է պաշտապնեն և բռնությունը քննադատողի դերում լինեն, հաճախ նպաստում են դրա շարունակականությանը։ Արդյունքում կինը կարող է հեռանալ բռնարարից, փորձել վերականգնել, պաշտպանել իր իրավունքները, բայց այդպես էլ էական փոփոխության չհասնել։

Նարինեն այժմ կյանքի նոր առաքելություն ունի. փորձում է օգնել նմանատիպ իրավիճակում հայտնված այլ կանանց, բարձրաձայնել բռնության դեպքերի մասին, ուղղորդել և պաշտպանել նրանց իրավունքները։ Նա բռնության շղթայի ընդհատման կարևոր բաղադրիչ է համարում կրթությունը։ Ասում է՝ լավ կլիներ դպրոցում դասավանդեին նաև ընտանեկան էթիկա, առողջ հարաբերությունների հմտություններ։
«Ես շատ կուզեի, որ իմ կյանքի պատմության մասին ֆիլմ նկարվեր, որը կօգներ իմ վիճակում հայտնված բազմաթիվ կանանց»,- ասում է Նարինեն։
Հեղինակ՝ Ժաննա Ավագյան
Իլյուստրատոր՝ Մարինե Դանիելյան