Փոխվարչապետի այցը Իրաք մեկնարկել է հայ համայնքի հետ հանդիպումից

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Իրաքի Հանրապետություն այցը նոյեմբերի 6-ի երեկոյան սկսել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, մինչ հանդիպումը փոխվարչապետը և պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ են դրել Բաղդադի Սբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

Համայնքի հետ հանդիպումը կայացել է եկեղեցում: Ներկա էին Ազգային կենտրոնական վարչության, համայնքում գործող ազգային կազմակերպությունների անդամներ: Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը ողջունել է Հայաստանի պաշտոնական պատվիարակության այցը Իրաք` նկատելով, որ վերջին տարիների ընթացքում սա Հայաստանից ժամանած առաջին նման պատվիրակությունն է և նշելով, որ այդ այցերը ոգեշնչում են համայնքին:

Փոխվարչապետը ողջունել է ներկաներին` ընդգծելով, որ Իրաքի հայ համայնքը պատմություն և ավանդույթներ ունեցող այն գաղթօջախներից է, որը գոյության ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով է անցել: Նա գնահատելի է համարել համայնքի և համայնքային կազմակերպությունների աշխատանքն ու դերը ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանության գործում: Փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը մշտապես լինելու է սփյուռքահայ հայրենակիցների կողքին:

Հանդիպմանը քննարկվել են համայնքային կյանքին, Իրաքի ներքին իրավիճակին, համայնքին հուզող խնդիրներին վերաբերող հարցեր:

Երեկոյան փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շուայեսի անունից պաշտոնական ընդունելությանը: Հանդիպմանը երկու երկրների փոխվարչապետները քննարկել են միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր:

ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանը, գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը, արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարները, պաշտոնատար այլ անձինք: