Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի գրավի դիմաց 

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Միջնորդության մեջ նշված է եղել, որ «միջին ծանրության հանցագործության» մեջ մեղադրվող Տիրան Խաչատրյանն իր խնամքի տակ ունի վատառողջ, հաշմանդամության կարգ ունեցող կին։

Տիրան Խաչատրյանը մեղադրվում է 2020-ի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նույն այդ պատերազմի ժամանակ Խաչատրյանն արժանացել է ազգային հերոսի կոչման։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Տիրան Խաչատրյանը «2020-ի ռազմական դրության ընթացքում նշանակված լինելով Զորքերի հարավային խմբավորման հրամանատար, հոկտեմբերի 7-17-ը իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Մեկնաբանել