Ռուսաստանը դեմ չէ, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին. Պեսկով

Ռուսաստանը դեմ չէ, որ Ուկրաինան միանա Եվրամիությանը, քանի որ դրանում վտանգ չի տեսնում իր անվտանգության համար. լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը նշել է, որ ռազմական դաշինքներին Ուկրաինայի միանալը «բոլորովին այլ հարց է»։

«Սա ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Մենք խոսում ենք ինտեգրացիոն և տնտեսական գործընթացների մասին, և այստեղ, իհարկե, ոչ ոք չի կարող որևէ երկրի որևէ բան թելադրել: Մենք դա չենք պատրաստվում անել»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը անվտանգության, պաշտպանության կամ ռազմական դաշինքների հարցում բոլորովին այլ է:

«Կա մեկ այլ խնդիր, և դա բոլորին լավ հայտնի է»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ դեռ տեղեկություններ չկան Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման մասին և հավելել է, որ Ռիադում ընթացող ռուս-ամերիկյան բանակցությունները կորող են լրացուցիչ պարզաբանումներ տալ ակնկալվող հանդիպման վերաբերյալ։

Պեսկովը վաղաժամ է համարել գնահատել Ռիադում ընթացող բանակցությունները։
Փետրվարի 18-ին Սադուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկյան բանակցություններ, որոնց ռուսական կողմից մասնակցում են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։

Մեկնաբանել