Եվրոգոտու փլուզման հավանականությունը Ռուբինիի հիմնադրամը 90% է գնահատել

Եվրոգոտին, այժմյան պայմաններում, հաջորդ տարին վերապրելու շանս գրեթե չի ունենա, նշվում է հայտնի տնտեսագետ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Նուրիել Ռուբինիի հիմնադրամի՝ Roubini Global Economics-ի տնտեսագետների ուսումնասիրության մեջ։

Ուսումնասիրությունը եվրոգոտու պարտքային ճգնաժամի զարգացման չորս հավանական սցենար է ուրվագծել։ Չորս տարբերակում էլ եվրոգոտում Հունաստանի և Պորտուգալիայի մնալու հավանականությունը 10% է: Նույնքան է նաև եվրոգոտում բյուջետային միության ստեղծման, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի հարուստ երկրների բյուջեներից խնդրահարույց երկրներին միջոցների ուղղակի տրամադրման հավանականությունը:

Սցենարներից ամենաիրատեսականը, ըստ հետազոտության, եվրոգոտու դանդաղ փլուզումն է՝ տնտեսական աճի դանդաղ տեմպով ու դեֆոլտների դանդաղ հերթագայությամբ։ Խնդրահարույց երկրները մեկը մյուսի հետևից կլքեն արժութային գոտին։

Այդուհանդերձ, շնորհիվ Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից խնդրահարույց երկրների պետպարտատոմսերի անսահմանափակ գնման ծրագրի՝ իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարի՝ եվրոգոտու անկառավարելի փլուզման հավանականությունը նվազել է մինչև 10%:

Հիմնադրամի տնտեսագետների առաջարկած բազային սցենարը որևէ փոփոխություն չի կրի ԵԿԲ նախագահ Մարիո Դրագիի քայլերից. որոշումները ցավալիորեն դանդաղ կընդունվեն, իսկ քաղաքական գործիչները պարզապես չեն հասցնի տնտեսական և քաղաքական իրադրության զարգացման «հետևից»:

Քաղաքական գործիչները երկար ժամանակ մեխանիզմներ կփնտրեն՝ ինչպես կանխել Հունաստանի և Պորտուգալիայի ելքը եվրոգոտուց: Եվ մինչ կգտնվի լուծումը, եվրոպական երկրներից շատերն արդեն կառերեսվեն դեֆոլտ հայտարարելու անհրաժեշտությանը։ Եվրոպայում համատարած կսկսեն պնդել, թե «առանց եվրոյի շատ ավելի լավ կլիներ»։

Հունաստանի և Պորտուգալիայի եվրոգոտում մնալը, ըստ հետազոտության հեղինակների, պայմանավորված է բյուջետային լիարժեք միության ստեղծմամբ, ինչի հավանականությունը գնահատվում է 10%:

Ընդ որում, համաձայն ուսումնասիրության, զգալիորեն մեծացել է Իռլանդիայի դեֆոլտի հավանականությունը։ Իսպանիան, ամեն դեպքում, կունենա ԵՄ, ԵԿԲ և Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցության անհրաժեշտությունը։

Սցենարներից ամենահոռետեսականի դեպքում եվրոգոտին ստիպված կլինի լքել նաև Ֆրանսիան, ինչի հավանականությունը փորձագետները կրկին 10% են գնահատել:

Մեկնաբանել