Լեդի Գագայի զգեստներն ու աքսեսուարները աճուրդի կդրվեն

Julien’s Auctions աճուրդի տունը դեկտեմբերի 1-ին Բեվեռլի Հիլզում վաճառքի կդնի փոփ աստղ Լեդի Գագայի զգեստներն ու աքսեսուարները: Ընդհանուր առմամբ աճուրդի կդրվի Գագային պատկանող հագուստի չորս պարագա:

Լոտերի շարքում է դիզայներ Էդի Գավրիիլիդիսի ստեղծած զգեստը, որի վրա պահպանվել է երգչուհու արյան հետքը (նրան պատահաբար քերծել էր երկրպագուն):

Ակնկալվում է, որ կիսաթափանցիկ զգեստը կվաճառվի 10-12 հազ. դոլարով:

Բացի զգեստից՝ Julien’s Auctions-ը վաճառքի կդնի նաև երգչուհուն պատկանող դիմակ, դեկորատիվ սաղավարտ և հյուսված գլխազարդ, որով Լեդի Գագան ելույթ է ունեցել համերգներին և նկարահանվել տեսահոլովակներում:

Ներկայում Լեդի Գագան շրջագայում է Born This Way սկավառակի գովազդային արշավի շրջանակում: