Նոր քրեական վարույթներ ԶՊՄԿ շուրջ. բաժնետոմսերի նոր վերաբաշխման ուրվականը

Քննչական կոմիտեում այս տարվա հունվարին քրեական վարույթ է նախաձեռնվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կողմից ընդերքի պահպանման ու օգտագործման պահանջների խախտման հանգամանքներով։ Այդ մասին Սիվիլնեթին հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Քրեական վարույթը նախաձեռնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ 2018-ին սկսված և 2019-ի հունվարին ավարտված ստուգման արդյունքների հիման վրա։ Թեպետ վերջին մի քանի տարիներին ԶՊՄԿ-իհետ կապված եղել են մի քանի քրեական վարույթներ, սակայն դրանք դատարան չեն հասել։ Սրան զուգահեռ, կոմբինատը նախկինում և այսօր շարունակ իր բարեգործական հիմնադրամից ֆինանսավորել է իշխանության հետ կապված հիմնադրամներին։

Ի՞նչ էր պարզել տեսչականը կոմբինատում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ի թիվս այլ խախտումների, հայտնել էր, որ ընկերությունն արդյունահանել է ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված ծավալներից անհամեմատ ավելի մեծ քանակության հանքաքար։ Մասնավորապես, 2015-ին արդյունահանվել է 17,9 մլն. տոննա, 2016-ին՝ 19,5 մլն. տոննա՝ թույլատրված 12,5 մլն տոննայի փոխարեն, իսկ 2017-ին՝ 27,2 մլն . տոննա՝ թույլատրված 22 մլն . տոննայի փոխարեն։ Ընդհանուր առմամբ՝ ստուգմամբ ընդգրկված երեք հաշվետու տարիների՝ 2015-2017 թականների ընթացքում ավել արդյունահանված պաշարի հանրագումարը կազմում էր 17,6 մլն տոննա հանքաքար։

Հանքաքարում պղնձի քանակության (համաձայն ԶՊՄԿ թողարկած Ծրագրային ազդագրի՝ 0,256%) և այդ տարիներին Լոնդոնի մետաղների բորսայում արձանագրված պղնձի գների միջինացված հաշվարկով (մոտ 5,500 ԱՄՆ դոլար), ավել արդյունահանված հանքահումքի մոտավոր գումարը կազմում է շուրջ 250 մլն դոլար։ Ուշագրավ է, որ տեսչական ակտում ներկայացված տվյալներով, հանույթի որոշակի մասը (7,12 մլն տոննա) պահեստավորվել է բացահանքի տարածքում, սակայն հասկանալի չէ, թե ինչու պետք է ընկերությունը իր ունեցած ընդերքօգտագործման թույլտվությւոնից ավելի արդյունահաներ և պահեստավորեր։ Մնացած՝ ավել արդյունահանված պաշարի ճակատագրի մասին տվյալներ չկան, քանի որ տեսչության բացահայտած խախտումների հիմքով չեն հարուցվել քրեական վարույթներ։ Պարզ չէ նաև, թե հետագայում ի՞նչ է եղել պահեստավորված հանքաքարի հետ։

2021-ին, երբ Սիվիլնեթը հետաքրքրվել էր տեսչական մարմնի ստուգումների արդյունքում ի հայտ եկած այս հանգամանքի և հնարավոր ապօրինի արդյունահանման մասին, տեսչական մարմնի նախկին ղեկավարներից Գնել Հասրաթյանը խորհուրդ էր տվել «չհիմնավորված ու ոչ մասնագիտական եզրակացություններ չանել»։ Դատախազությունից էլ գրավոր տեղեկացրել էին, որ չի ապահովվել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը, որի արդյունքում Տեսչական մարմնի 2019-ի մարտի 7-ի որոշմամբ ընկերության գլխավոր տնօրենին հանձնարարվել է հետագա աշխատանքներն իրականացնել ընդերքօգտագործման պայմանագրին համապատասխան, իսկ շրջակա միջավայրին պատճառված վնասի համար ընկերության պատասխանատու պաշտոնատար անձինք ենթարկվել էին վարչական պատասխանատվության 500, 000 դրամի չափով։ Դատախազությունը նաև տեղեկացրել էր, որ դրան քրեաիրավական գնահատական տալու կարիք չի եղել։

ԶՊՄԿ-ի կողմից ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված շեղումներով արդյունահանում կատարելու փաստով քրեական գործընթաց չէր նախաձեռնվում այն պարագայում, երբ նույն հատկանիշներով գործեր էին քննվում Ազատեկի, Ամուլսարի, Մեղրասարի հանքավայրերում արդյունահանումների հետ կապված։

Այնուհանդերձ, տեսչական ստուգումից վեց տարի անց Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բնապահպանության և ընդերքի տեսչականի այս ստուգումների հիման վրա, թեպետ նախկինում դրան քրեաիրավական գնահատական տալու հիմքերը բացակայել էին։

Այս քանակության հանքաքարի ավել արդյունահանման փաստը, պայմանագրային և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի (ՇՄԱԳ) փորձաքննական եզրակացության պայմանների խախտումներից բացի, նաև հարցեր է առաջացնում՝ ուղղված հարկային և մաքսային մարմիններին. ի վերջո, այս ծավալները մաքսային սահմանով տեղփոխվե՞լ են, դրանց համար հարկեր վճարվե՞լ են, թե ոչ։

Այլ քրեական վարույթներ

Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայաստանի ֆոնդային բորսային ներկայացված փաստաթղթերից մեկից պարզ է դառնում, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2021-ի օգոստոսի 2-ին արգելանք էր կիրառվել ԶՊՄԿ կանոնադրական կապիտալում 75% բաժնետոմսերի նկատմամբ, որը կարող էր իրականացվել միայն քրեական վարույթի շրջանակներում։ Հետագա զարգացումները ցույց են տալիս, որ սա կարող էր կապված լինել կոմբինատի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, իսկ հետո 15 մլրդ դրամ վերականգնելու գործընթացի հետ։

Այս նույն ժամանակահատվածում ԶՊՄԿ-ն ինքն է դիմել իրավապահ մարմիններին՝ ՊԵԿ համապատասխան պաշտոնատար անձանց գործողություններին (անգործությանը) համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար այն բանից հետո, երբ 2021-ի հունիս-հուլիսին ընկերության կողմից ՊԵԿ-ին են ներկայացվել արտահանելու թույլտվություն հայցելու վերաբերյալ գրություններ, սակայն համապատասխան թույլտվություններ առանց որևէ հիմնավորման չեն տրամադրվել և բեռի բացթողում չի իրականացվել։ Սա այն հետընտրական ժամանակահատվածն էր, երբ տեղի էին ունենում ԶՊՄԿ բաժնետոմսերի վերաբաշխման ակտիվ գործընթացներ։ Ըստ ամենայնի, հարկային և մաքսային ճնշումները՝ քրեական վարույթի հետ զուգահեռ, որպես լծակ են կիրառվել բաժնետոմսերի ցանկալի վերաբաշխմանը նպաստելու համար։ Արդյունքում, դրանք հայտնվեցին ռուսական ընկերությունների ձեռքում, որոնց տվյալները ներկայացված են այստեղ։

Ներկայում իրավապահ մարմինները ԶՊՄԿ-ի հետ կապված քննում են նաև փողերի լվացման քրեական վարույթ։ Այսպես՝ 2022-ի գարնանը հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում կոմբինատի նախկին տնօրենը 15 մլրդ դրամ է վերականգնել պետբյուջե։ «ՊԵԿ-ում քննված քրեական գործով պարզվել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նախկին տնօրենը (խոսքն ըստ էության կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի մասին է – խմբ․) «հատուկ մշակված և կիրառված սխեմայով կատարել է ԶՊՄԿ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել ու արդյունքում պետական բյուջե չի վճարվել ավելի քան 15 մլրդ դրամ»,- նշված էր ՊԵԿ-ի հաղորդագրությունում։

Չնայած վնասի վերականգնմանը՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու այս քրեական գործը չի կարճվել։ Ինչպես տեղեկացրին Քննչական կոմիտեից, այս գործը միացվել է ԶՊՄԿ բաժնետոմսերի մի մասի վերաբերյալ փողերի լվացման քրեական վարույթին։ Մասնավորապես, 2023-ի նոյեմբերին դատախազությունը հայտարարեց, որ քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի և Շվեյցարիայի քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ փողերի լվացման համար։ Կարեն Վանեցյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդին է։ Ըստ մեղադրանքի՝ Կարեն Վանեցյանը 2018-ի հուլիսին կիպրական ընկերության միջոցով ձեռք է բերել ու տնօրինել կոմբինատի բաժնետոմսերի 12,.5 տոկոսը, որը, ըստ հաղորդագրության, մինչ այդ պատկանել էր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին ու ձեռքբերմամբ Վանեցյանը նպատակ է ունեցել թաքցնել այդ բաժնետոմսերի հանցավոր ծագումը։

Կարեն Վանեցյանը

Պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր.

«Արդյունքում՝ Կ.Վ.-ն, տեղեկացված լինելով, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12,.5 տոկոս բաժնետոմսերը Մ.Մ.-ին պատկանող ընկերությանն են անցել հանցավոր ճանապարհով, նպատակ ունենալով իր համար ակնհայտ շահավետ պայմաններով դառնալ այդ բաժնետոմսերի փաստացի սեփականատեր, միաժամանակ թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը, դրան հաղորդել է օրինական քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում ստացված գույքի տեսք:

Կ.Վ.-ն 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք է բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 14,526.300 մլրդ դրամ արժողությամբ գույքը»։

Քննչական կոմիտեն, մինչդեռ, ավելի քան մեկ տարի անց այս գործը դատարան չի ուղարկել, նոր մեղադրյալների ու հանգամանքների մասին տեղեկություններ չկան։

2020-ին, երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն արդեն հեռացել էր այդ պաշտոնից, անդրադառնալով իր եղբայրների ու ԶՊՄԿ-ի կապերին, ասել էր՝ ԶՊՄԿ-ում փայաբաժինների ողջ փոփոխություններն իրականացվել են վարչապետի անմիջական գիտությամբ։ Արդյո՞ք այս գործընթացի հիմնական գործող անձինք՝ Նիկոլ Փաշինյանը, Արթուր Վանեցյանը, ներգրավվե?լ են այս գործում և հարցաքննվել, հետաքրքրվել էինք Քննչական կոմիտեից։ Ի պատասխան տեղեկացրել են, որ նախաքննությունը շարունակվում է և բարձրացված հարցերն առնչվում են նախաքննական գաղտնիքին ու ենթակա չեն հրապարակման։

Նվիրատվություններ օրվա իշխանությանը

Տարիներ շարունակ ԶՊՄԿ-ն բարեգործական, սոցիալական նպատակներով մի շարք հատկացումներ է կատարել ներկա և նախկին իշխանությունների հետ կապված հասարակական կազմակերպություններին ու հիմնադրամներին։

Դրանցից ամենահայտնին «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն է, որը Para TV լրատվականի իրավաբանական անձ-կազմակերպությունն է։ Դրա ղեկավարը Սյունիքի նախկին մարզպետ , Վահե Հակոբյանի կինն է՝ Էլիզաբեթ Պետրոսյանը։ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության տվյալներով ըստ տարիների՝ կոմբինատից «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ին փոխանցումներն ունեն այսպիսի համամասնություն.

Պղնձամոլիբդենայինում բաժնետերերի փոփոխություններին զուգահեռ փոխանցումները Վահե Հակոբյանի կնոջ հիմնադրամին դադարեցվեցին։ Տարիներ առաջ արտահոսած որոշ հաշվապահական փաստաթղթեր լույս էին սփռում այն անձանց շրջանակի վրա, որ գումարներ էին ստացել Para TV-ից։ Ի թիվս լրագրողական, տեխնիկական կազմի, այդ ցանկում էին նաև բնապահպաններ, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Ի դեպ, Վահե Հակոբյանը միաժամանակ «ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի» և իր մարզպետ աշխատելու օրոք հիմնադրված «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։ 2016-2021 թվականներին կոմբինատը այս կազմակերպությանն է փոխանցել մոտ 2.5 մլրդ դրամ։

2018-ի հեղափոխությունից հետո ԶՊՄԿ-ն սկսեց փոխանցումներ կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներին։ Օրինակ՝ 2018-ին, երբ Աննա Հակոբյանը դեռ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ էր, կոմբինատից հիմնադրամին փոխանցվել էր 51 մլն դրամ, իսկ 2019-ին՝ ևս 10 մլն դրամ։ Հակոբյանը 2020-ի սեպտեմբերին դադարեցրեց իր լիազորությունները այս հիմնադրամում։ Այդ պահից սկսած երկու տարի շարունակ կոմբինատից հիմնադրամին նվիրատվություններ չէին կատարվում, միայն 2022-ին փոխանցվել է 2 մլն դրամ։

Աննա Հակոբյանի մյուս՝ «Իմ քայլ»-ին ԶՊՄԿ-ն 2020-ին փոխանցել է 25 մլն դրամ։

Ըստ կոմբինատից ստացված տեղեկատվության՝ 2023-2024 թվականներին յուրաքանչյուր տարի ԶՊՄԿ-ն «Իմ քայլ»-ին է փոխանցել 50 մլն դրամ։ Համաձայն մամուլի հաղորդագրություններից մեկի՝ այդ գումարներն ուղղվելու էին կրթական ծրագրերի։

***

Բազմապիսի քրեական վարույթներից, բաժնետերերի վերաբաշխումներից ու տարբեր մերձիշխանական տարբեր հիմնադրամների կատարվող նվիրատվություններրը կասկածներ են հարուցում կոմբինատի վրա քաղաքական ազդեցության ու օրվա իշխանության կողմից եկամտաբեր այս ձեռնարկությունը սեփական նպատակներին ծառայեցնելու մասին։ Միմյանց հաջորդող քրեական վարույթները հարուցվում են ոչ թե այն ժամանակ, երբ դրանց համար կան իրավական հիմքեր, այլ երբ դա պահանջում է քաղաքական իրավիճակը. մի դեպքում՝ բաժնետոմսերի վրա կալանք դնելու և հետո դրանք վերաբաշխելու, մեկ այլ դեպքում՝ ընկերության հետ փոխկապակցված քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով։

Այդ մասին են վկայում նախընտրական պայքարում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին զուգահեռ ընթացքող ՊԵԿ-ի գործողություններն ու քրեական վարույթները: Տրամաբանական այս շղթայի մեջ կարող է դիտվել 2018-ին Կարեն Վանեցյանին անցած կոմբինատի բաժնետոմսերի վերաբերյալ քրեական վարույթի քննությունը հիմա, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից վեց տարի առաջ ընդունած ակտի հիման վրա միայն այսօր քրեական վարույթ նախաձեռնելը

Կոմբինատի շուրջ քրեական որոշ գործընթացներ, իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող որոշ արտահայտություններ հիմք են ստեղծում ենթադրելու, որ իշխանությունները կասկածելի միջամտություններով բաժնետոմսերի նոր վերաբաշխման հիմքեր և ֆոն են փորձում ձևավորել մի դեպքում, երբ բաժնետերերի նախորդ փոփոխոթւյան հետ կապված արդեն իսկ 1,.2 մլրդ դոլարի հայց կա ՀՀ դեմ։

Մինչ այս պահը հստակեցված չէ՝ որքա՞ն է կոմբինատում ՀՀ-ին պատկանող 22% բաժնետոմսերի շուկայական արժեքը։ Պետական գույքի կառավարման կոմիտեն ՍիվիլՆեթին տեղեկացրել էր, որ նման գնահատում չի իրականացրել։Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ի ասուլիսում ասել էր՝ այդ բաժնեմասը արժե մի քանի տասնյակ միլիարդ դրամ. «Ես իհարկե չեմ կարող աուդիտի եզրակացություն ներկայացնել, բայց անհրաժեշտության դեպքում դա էլ կանենք, թե մեր բաժնեմասը ի՞նչ արժե. Դա արժե մի քանի տասնյակ միլիարդ դրամ»։ Սրան զուգահեռ՝ Վանեցյանների քրեական վարույթով դատախազությունը հայտարարել է, որ 12,5 տոկոսի արժեքը կազմել է ավելի քան 14,5 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, ունենալով 21,9% բաժնետոմս, միայն 2023-ի համար ստացել է ավելի քան 33,.2 մլրդ դրամի շահաբաժին, իսկ ԶՊՄԿ երկու տարվա՝ 2023-2024 թվականների ընդհանուր շահութաբաժինը՝ այսինքն մաքուր եկամուտը, կազմում է 294 մլրդ դրամ։ Սա նշանակում է, որ կոմբինատում 12,.5 տոկոս տնօրինողը ընդամենը մեկ տարվա համար ավելի մեծ շահաբաժին է ստացել, քան կոմբինատի 12,.5 տոկոսի ձեռքբերման համար է վճարել։

Այստեղ առաջանում են հարցեր նաև նախկինում կոմբինատի բաժնետոմսերի վաճառքի գնի հետ՝ սկսած ընկերության մասնավորեցումից, կան կասկածներ, որ շատ դեպքերում կոմբինատի տարբեր բաժնետոմսեր գնվել ու վաճառվել են շուկայականից էժան գնով։ Սա վերաբերում է նաև Ռոման Տրոցենկոյի հետ կապված ընկերությունների կողմից կոմբինատի բաժնետոմսերի ձեռքբերմանը 2021-ին։ Դրա վերաբերյալ մանրամասն տվյալների կարող եք ծանոթանալ այս թեմայով նախորդ հրապարակման մեջ։

2018-ից սկսված բաժնետերերի փոփոխությունների կոմբինատում անպատասխան հարցեր են առաջ բերել գործարքների կողմերի, գնի, նրանց քաղաքական ուղղորդվածության և առհասարակ դրանցում կառավարության միջմատության վերաբերյալ։ Թե տեսչական մարմնի կողմից արձանագրված ապօրինի արդյունահանման դեպքը, թե 2018-ին կոմբինատում եղած բաժնետերերի փոփոխությունները հիմքեր են տալիս կասկածներ ունենալու դրանում կառավարության մասնակցության ու իրավապահների միջոցով ԶՊՄԿ-ում հարցեր լուծելու օրինականության վերաբերյալ, այս ֆոնին պետական բաժնեմասի արժեքի մասին տեղեկությունների բացակայությունը, կառավարության կողմից կոմբինատի տնօրենների խորհրդում անդամի գործունեությունն ու աշխատավարձի չափի մասին տեղեկատվության բացակայությունը, գնումների գաղտնիությունն ու թափանցիկության պակասը միայն ու միայն նոր հարցեր են առաջ բերում անգամ պետական բաժնեմասի առկայությամբ ԶՊՄԿ-ի և քաղաքական իշխանության միջև պայմանավորվածությունների վերաբերյալ։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել