Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գյումրի համայնքի նախկին ղեկավարը մի խումբ անձանց օժանդակությամբ օտարել է մասնավորեցման ոչ ենթակա «Սև Բերդ» ամրոցի շրջակա տարածքի հողերը։
«2015-ի փետրվարի 9-ին Գյումրի քաղաքի 1 հա մակերեսով պատմության և մշակութային արժեք ներկայացնող հատուկ պահպանվող տարածքի հողը Պաշտպանության նախարարության կողմից ուղղակի վաճառքով՝ 13 մլն ՀՀ դրամով ապօրինի օտարվել է համայնքի նախկին ղեկավարի որդուն պատկանող ընկերության աշխատակից և մեկ այլ ընկերության գործադիր մարմնի ղեկավար Ս.Ջ.-ին [Սամվել Ջանոյան – ՍիվիլՆեթ]»,- նշված է հաղորդագրությունում:
Գյումրիի Սև Բերդի շրջակայքի հողերի կասկածելի սեփականացման մասին հետաքննությունն արել էր ՍիվիլՆեթը 2023-ի դեկտեմբերին։ Ըստ հետաքննության՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը 2018-ին պաշտպանության նախարարությունից հետ է վերցրել Գյումրիի Ղարսի խճուղում գտնվող հողամասերը, բաժանել մի քանի մասերի ու օտարել տարբեր անձանց։ Հողամասերը հանվել են աճուրդի, վաճառվել, երբեմն նվիրատվության պայմանագրեր են կնքվել, ու ի վերջո դրանց սեփականատեր է դարձել Բալասանյանների ընտանիքը կամ նրանց մտերիմը։ Այս հողամասերը գտնվում են Սև բերդ ամրոցի շրջակայքում։ Սև բերդը ևս պատկանում է Բալասանյաններին։ Ամրոցի օտարման հետ կապված կար քրեական գործ, որը սակայն կարճվել է։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նախկին քաղաքապետի որդին «մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 1 հա մակերեսով հողի իրական բնույթը, դրա ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, ինչպես նաև հիշյալ գույքը լեգիտիմացնելու նպատակով Ս.Ջ.-ի հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ դրանում անշարժ գույքի օտարման գինը նշելով 4,9 մլն ՀՀ դրամ»:
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը ներկայում Միացյալ Նահանգներում է։
Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, ձերբակալվել է 2024-ի հոկտեմբերի 11-ին՝ «Զվարթնոց» օդանավակայանում։