Սիրանուշ Ադամյան
Հայաստանի կառավարությունը խստացրել է պահանջները զբոսաշրջային օպերատորների ու գործակալների համար՝ ընդգծելով ոլորտում տեղ գտնող խաբերությունները և այլ հանգամանքներ։ Տուրօպերատորները կառավարության հիմնավորումները չեն ընդունում և պնդում, որ որոշումը հարված է իրենց ոլորտին։
Հունվարի 23-ին կառավարությունը հաստատեց զբոսաշրջության մասին նոր որոշումը, որով խստացվում են զբոսաշրջային օպերատորների ու գործակալների առաջադրվող պահանջները։ Օրինակ՝ զբոսաշրջային ընկերության ղեկավարը պետք է ոլորտում ունենա առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, զբոսաշրջության ոլորտի միջին /բարձրագույն կամ այլ ոլորտի բարձրագույն կրթություն, առցանց ծառայություն մատուցելիս պետք է լինի մշտապես թարմացվող ինտերնետային կայք, որում պետք է լինեն օրենքով պահանջվող մի շարք տեղեկություններ․
Կառավարությունը պարտադրում է նաև, որ զբոսաշրջային ընկերությունները բացի տնօրենից՝ ունենան առնվազն մեկ աշխատակից՝ անավարտ ժամկետով աշխատանքային պայմանագրով։
Կառավարության հունվարի 23-ի նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս որոշումը ներկայացնելիս նշել էր տուրօպերատորներից խաբված զբոսաշրջիկների բողոքների մասին։ «Մեզ մոտ զբոսաշրջիկները հանդիպում են այնպիսի խնդիրների, երբ նրանց գովազդով ներկայացվում է մի բան, բայց ստանում են բոլորովին այլ բան։ Այսպիսի իրավիճակները մենք տեսել ենք վերջին տարիներին՝ սկսած զբոսաշրջիկին այլ երկիր տանել և չբերելուց, վերջացրած նրանով, որ մարդկանցից հավաքել են հարյուր հազարավոր դոլարներ և հետո զբոսաշրջային գործակալությունը փակվել է»,- ասել էր Պապոյանը։
Ի՞նչ խնդիր կարող է առաջացնել որոշումը
Որոշումը հարցեր է առաջացրել տուրիստական փոքր ընկերությունների համար։ Տուրիստական ընկերության հիմնադիր Դիանա Մնացականյանի խոսքով՝ որոշումը կարող է դրական լինել մեծ ընկերությունների համար, քանի որ արդար մրցակցություն կլինի, բայց միևնույն ժամանակ՝ վնաս կհասցնի փոքր բիզնեսներին։

Մնացականյանի կարծիքով՝ խնդիր է տնօրենից բացի աշխատանքային մշտական պայմանագրով նվազագույնը մեկ աշխատող ունենալու պահանջը, քանի որ փոքր բիզնեսի դեպքում մեկ աշխատողով էլ կարողանում ես աշխատել։
Զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիայի տնօրեն Ալինա Պետրոսյանն էլ շեշտում է, որ Խաբեության համար կայքի առկայությունը խոչընդոտ չէ. «Բարեխիղճ զբոսաշրջային օպերատորները, որոնք պետք է պատրաստեն վաճառքների կայք, նրանց համար դա իսկապես ծախսատար գործունեություն է, որովհետև կայք ստեղծելը բավական թանկ է»։
Ի՞նչ խնդիր է լուծում որոշումը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի խոսքով՝ զբոսաշրջային օպերատորների/գործակալների թվայնացամանն այլընտրանք չկա, քանի որ այս որոշումը կպաշտպանի թե՛ տնտեսվարողներին, թե՛ սպառողներին։ Նրա խոսքով՝ ինստագրամյան, ֆեյսբուքյան էջերով հնարավոր չէ ներբեռնել կամ վերբեռնել անհրաժեշտ փաստաթղթեր կամ վճարում իրականացնել, իսկ կայքի առկայությունը կլուծի այդ ու այլ խնդիրներ։

Գևորգյանը նշում է, որ հաճախ գործակալություններից կանխիկ գումարով ծառայություններ գնելիս պայմանագիր չի կնքվում. «Հետո, երբ ծառայությունների որակից դժգոհում են, ասում են դե մեր շահերը պաշտպանեք»։ Նրա խոսքով՝ սպառողն իր դժգոհությունն է հայտնում, տնտեսվարողն իր, և ոլորտը հնարավոր չի լինում կանոնակարգել։
Կառավարության որոշմամբ, ոլորտը վերահսկելու համար ստեղծվում է բաց հասանելիությամբ էլեկտրոնային գրանցամատյան։ Այդ հարթակում լինելու են զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր ընկերությունները և գործակալները, որոնք հարթակում գրանցվելու համար պետք է համապատասխանեն նոր պահանջներին։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ զբոսաշրջային ծառայությունների ոլորտը հայտարարագրել է 1716 հարկ վճարող։ Իսկ զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ էլեկտրոնային գրանցամատյանի գործարկումից հետո միայն կունենան ոլորտի ծառայություններ մատուցողների մասին հստակ տեղեկակտվություն։
Դիտե՛ք տեսանյութը՝