Հենրիխ Մխիթարյան. Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Չելսիի» դեմ հանդիպումից, գործակալ չունենալու և այլ թեմաների մասին, փոխանցում է Terrikon-ը:

– Թոմաշ Հյուբշմանը գտնում է, որ «Շախտյորը» կարող է հաղթել նաև Անգլիայում: Արդեն ի հայտ է եկե՞լ նման վստահություն, որ կարող եք երկու անգամ անընդմեջ գերակումբի պարտության մատնել:

– Հարցը նրանում չէ, թե կարող ենք կամ ոչ: Ուղղակի գիտենք մեր ուժը և հավատում ենք ինքներս մեզ: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ հնարավորություն ունենք:

– Ի՞նչ խնդիրներ կունենա «Շախտյորը» «Սթեմֆորդ Բրիջում»:

– Ասեմ, որ Դոնեցկում ավելի հեշտ չէր, քան կլինի Լոնդոնում: Միսթերը մեզ կտա գործողությունների հստակ պլան, և եթե անենք այն, ամեն ինչ լավ կավարտվի:

– Կարո՞ղ է թիմը փոխվել 2-3 շաբաթում:

– Խաղաոճը, իհարկե, չի փոխվի:

– Այս ընթացքում հետևե՞լ եք «Չելսիին»:

– Դիտել եմ լոնդոնցիների խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի շրջանակներում, որում նրանք պարտվեցին: Մյուս խաղերը չեմ հասցրել դիտել: Նույն այդ խաղում «Չելսին», պարտվելով 2:0 հաշվով, այնուհետև հավասարեցրեց հաշիվը, սակայն ուզում էր հաղթել ու բաց թողեց երրորդ գոլը: Խաղացողներն առաջ էին գնացել, մոռացել պաշտպանության մասին, դրա համար էլ պարտվեցին:

– Որակազրկման պատճառով Զապորոժիեի «Մետալուրգի» դեմ խաղին չմասնակցելն ավելի շատ էներգիա՞ է պահպանել «Չելսիի» դեմ խաղի համար:

– Կիմանանք հանդիպման ժամանակ: Խոստովանում եմ, որ շատ էի ցանկանում շաբաթ օրը խաղադաշտ դուրս գալ, սակայն ստացվեց այնպես, որ որակազրկված էի:

– Շատ մասնագետներ համարում են Ձեզ երկրորդ Մեսսի: Ի՞նչ կասեք:

– Շատ հաճելի է նման գնահատականը: Կարծում եմ, որ խաղային առումով մենք շատ տարբեր ենք: Մեսսին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է:

– Վերջերս Վլադիմիր Պյատնենկոն, ում հետ Դուք աշխատել էին «Մետալուրգում», նշել է, որ մոտ ապագայում ձեզ տեսնում է գերակումբներից մեկում: Ասեք` ֆուտբոլային գործակալներն արդեն հարձակում սկսե՞լ են:

– Հարձակվում են, թե ոչ, ես այդ ամենին ուշադրություն չեմ դարձնում: Պետք է լավ կատարել աշխատանքը, այդ դեպքում ցանկալի արդյունքի կհասնես: Դոնեցկի «Մետալուրգ» եմ տեղափոխվել առանց գործակալի, «Շախտյոր» եմ եկել առանց գործակալի: Այդ պատճառով էլ պետք է մարզվել, խաղալ ու չմտածել գործակալների մասին:

– Եվ այնուամենայնիվ, Դուք գործակալ ունե՞ք:

– Ես այսօր ոչ մի գործակալ էլ չունեմ:

– Իսկ ո՞վ է ներկայացնում ձեր շահերը:

– Ես ինքս:

– Հավատու՞մ եք Վիլիանի ուժերին, ով ասաց, թե կփորձի գոլի հեղինակ դառնալ «Չելսիի» դեմ խաղում:

– Տա Աստված, որ նա անի այդ: Իսկ թե հաղթենք, կրկնակի ուրախ կլինենք:

– Կօգնե՞ք նրան:
– Իհարկե, եթե խաղում լինեն իրավիճակներ, որոնցում պետք է փոխանցում կատարել: Եվ ոչ միայն Վիլիանին, այլ բոլոր խաղընկերներիս: Ես երբեք ագահություն չեմ արել, աշխատում եմ թիմի համար, նրա հաջողությունների համար:

– Հենրիխ, ավելի վաղ Դուք շատ պահեր չէիք օգտագործում, իսկ այժմ այդ հարցը լուծված է:

– Դեռ ամեն ինչ այդքան հարթ չէ, որքան ասում եք: Լինում է, որ նպաստավոր դիրքերից գոլեր չեմ խփում: Շարունակում եմ աշխատել: Չեմ թուլանում, 14 անգամ գրավել եմ դարպասը, մյուսներն ինքնուրույն կմխրճվեն դարպասների մեջ (ծիծաղում է):

– Դուք լոնդոնյան մրցավեճը համարո՞ւմ եք կենտրոնականը E խմբի համար:

– Ոչ, քանի որ դեռ երկու խաղ էլ լինելու է Իտալիայի և Դանիայի չեմպիոնների դեմ:

Մեկնաբանել