Բրիտանիան կզբաղվի սիրիացի ապստամբների միավորմամբ

Մեծ Բրիտանայի կառավարությունը պաշտոնական կապեր կհաստատի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ պայքարով ընդդիմադիր խմբավորումների հետ։ Ինչպես հաղորդում է BBC-ն, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Հորդանան այցի ժամանակ։

Նրա խոսքով՝ բրիտանացի ներկայացուցիչները հանդիպումներ են իրականացնելու սիրիացի ապստամբների առաջնորդների հետ Հորդանանում և Թուրքիայում։ Բանակցությունների նպատակն է լինելու ստեղծել միավորված պատասխանատու ընդդիմություն, որի հետ հնարավոր կլինի կառուցել հետագա հարաբերություններ։

Ասադի հակառակորդների հետ կապերի հաստատմամբ կզբաղվի Ջոն Ուիլքսը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության լավագույն արաբագետներից մեկը, որը ներկայում պատասխանատու է Սիրիայում իրադրության մոնիթորինգի համար։

Բրիտանական Daily Mail պարբերականը նշում է, որ Քեմերոնը նաև դժգոհություն է հայտնել Եվրամիության՝ Սիրիա զենքի մատակարարումների էմբարգոյի սահմանմամբ։ Նա հայտարարել է, որ «հիասթափված է» Եվրոպայի՝ այդ էմբարգոյով պայմանավորված անգործությունից։ Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է, որ իր երկիրը 50 մլն ֆունտ ստեռլինգ է հատկացնելու ապտասմբներին ոչ ռազմական նպատակով և հայտարարել է, որ անհրաժեշտ է մտածել՝ «էլ ինչով կարելի է օգնել ընդդիմությանը»։

Ընդ որում՝ Քեմերոնը նշել է, որ տվյալ փուլում Լոնդոնը չի պատրաստվում ապստամբներին զենք մատակարարել կամ նրանց ռազմական գործ սովորեցնել։

Նախկինում սիրիացի ընդդիմադիրները մեկ անգամ չէ՝ դժգոհել են, որ Արևմուտքն իրենց միայն բարոյական աջակցություն է ցուցաբերում, իսկ նյութական օգնություն իրենք չեն ստանում ո՛չ Եվրոպայից, ո՛չ ԱՄՆ-ից։ Այս կապակցությամբ ապստամբներն էլ ավելի են ապավինում Պարսից ծոցի արաբական երկրների, ինչպես նաև արմատական իսլամիստական խմբավորումների օժանդակությանը։ Վերջին հանգամանքն աճող մտավախություն է առաջացնում Եվրամիությունում ու ԱՄՆ-ում, սակայն իրական գործողությունների այդ մտավախությունն այդպես էլ չի վերափոխվել։