Արժեքներ, արժեքներ և արժեքներ

Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրություններում վստահ հաղթանակ տարավ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման, որը ևս չորս տարի կլինի մոլորակի ամենահզոր մարդը…

Ամերիկացիներն ասում են՝ տուն գնելիս երեք բան պետք է նկատի ունենալ, թե այն որտեղ է, որտեղ է և որտեղ է:

ԱՄՆ-ում բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ ամերիկացիներին ամենահուզող խնդիրները տնտեսական են: Եվ, բնականաբար, նախընտրական քարոզարշավի ժամանակ թե՛ Օբաման, թե՛ Ռոմնին շեշտադրում էին տնտեսական խնդիրները, դրանց լուծման ձևերն ու ճանապարհները: Ու թեև նրանք երկուսն էլ խոսում էին տնտեսական խնդիրների մասին, բայց հարթակները, որոնց հիման վրա առաջարկում էին այդ խնդիրների լուծումը, իրարից էապես տարբերվում էին: Տնտեսական խնդիրների լուծումը Ռոմնին պատկերացնում էր կացնային մեթոդներով, տնտեսական ցուցանիշների վրա խարսխված: Մինչդեռ Օբաման խոստանում էր տնտեսական խնդիրների լուծում՝ որոշակի արժեհամակարգի վրա հիմնված, որտեղ բոլոր գործողությունների կենտրոնում մարդն է: Օբամայի պատկերացրած տնտեսությունում սոցիալական բաղադրիչն ավելի մեծ էր: Կոպիտ ձևակերպմամբ՝ նրա լուծումները երեք տեսակի արժեքների վրա էին հիմնված.

  1. Ոչ միայն և ոչ այնքան թվեր, որքան լավ ապրելակերպի հնարավորությունների ստեղծում բոլորի համար:
  2. Փոքրամասնությունների, երեխաների, կանանց, տարեցների իրավունքների պաշտպանություն, բնապահպանական հարցեր։
  3. Ներգաղթյալների, նվազ ինտեգրված ու նվազ ներկայացված խմբերի իրավունքներ: (Ռոմնին, օրինակ, ասում էր, որ ապօրինի ներգաղթյալները պետք է վերադառնան իրենց երկրներ, ինչին դեմ էր Օբաման):

Առողջապահություն, մատչելի կրթություն, սոցիալական շարժունակություն, համընդհանուր բարեկեցություն և անվտանգություն ենթադրող մոտեցումը, որը նույնպես տնտեսություն է և որի առանցքը ոչ թե ցուցանիշներն են, այլ՝ արժեքները, հաղթեց: Եվ որքան էլ տնտեսական ցուցանիշները կարևոր լինեն, որևէ ժողովուրդ չպետք է հանդուրժի, որ սովորական մարդկային արժեքները ստորադասվեն այդ ցուցանիշներին:

Ամերիկյան ընտրությունների արդյունքը փաստում է, որ թեև քարոզարշավի ժամանակ ասվում էր տնտեսություն, տնտեսություն և տնտեսություն, բայց ստացվեց արժեքներ, արժեքներ և արժեքներ:

Մեկնաբանել