Թուրքիան մտադիր է թուրք-սիրիական սահմանին հրթիռներ տեղակայել

Թուրքիան մտադիր է դիմել ՆԱՏՕ-ին` Սիրիայի սահմանին Patriot տիպի հրթիռներ տեղակայելու թույլտվություն խնդրելու նպատակով, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված այս հարցը ձգձգվել էր, սակայն այժմ կրկին օրակարգ է մտնում:

Թուրքական Anadolu-ի հաղորդմամբ` Թուրքիան այս քայլը պայմանավորում է Սիրիայում տեղի ունեցող անկանխատեսելի զրագացումներով, թուրք-սիրիական սահմանին բուֆերային գոտի ստեղծելու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Ռուսական «Վզգլյադ» թերթի տեղեկացմամբ էլ` Թուրքիայի արտգործնախարարության մի աշխատակից հայտնել է, որ այս հարցի վերաբերյալ ՆԱՏՕ-ին շուտով պաշտոնական հարցում կարվի: «Հնարավոր է` Patriot տիպի հրթիռներ տեղակայվեն ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի շրջանակում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան թուրք-սիրիական սահմանին Patriot տիպի հրթիռների տեղակայման հետ կապված պաշտոնական հարցում չի արել:

Մեկնաբանել