Հայ փորձագետները դիտարկել են ԼՂ խնդիրը միջազգային համատեքստում

Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) անցկացվել է մեկօրյա սեմինար` նվիրված Լեռնային Ղարաբաղի շուրջ բախումնային իրավիճակի միջազգային նշանակության և կարևորության թեմայի արծարծմանը: Ինչպես հաղորդում են կենտրոնի մամուլի ծառայությունից, քննարկմանը հիմնականում մասնակցում էին խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող վերլուծաբաններ ու թեմայի խորացված ուսումնասիրությամբ հետաքրքրվող երիտասարդ քաղաքագետներ:

«Այս քննարկումների ընթացքում կփորձենք մոդելավորել բախումնային իրավիճակի շուրջ ստեղծված միջազգային իրավաքաղաքական մեխանիզմներն ու չափանիշները` հստակեցնելու համար մի շարք թեզերի, մասնավորապես ԼՂՀ ճանաչման-չճանաչման վերաբերյալ քաղաքական ուժերի և հասարակության շրջանում տարածված գնահատականներն ու դիրքորոշումները»,- ասել է ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը` բացելով քննարկումը:

ԼՂ խնդրի միջազգային համատեքստի շուրջ իրենց դիտարկումները ներկայացնելիս փորձագետներ Մարթա Այվազյանը, Լևոն Գևորգյանը, Արթուր Ղազինյանը, Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Շահնազարյանը անվտանգության հեռանկարների տեսանկյունից գնահատել են ԼՂ շուրջ բախումնային կացության իրավաքաղաքական իրողությունները և ստեղծված իրավիճակի վրա ներազդելու հնարավորությունները` դիտարկելով ինչպես խնդրի միջազգային-իրավական, քաղաքական մոդելներն ու դրանց չափանիշները, այնպես էլ նրա նկատմամբ իրավական ներգործության մեթոդները:

ԼՂ խնդրի միջազգային-իրավական մոդելը, փորձագետների կարծիքով, ներառում է միջազգայնորեն ճանաչված խնդրի էությունը, լուծման առաջարկված տարբերակը և այն իրավական ակտերը, որոնք ձևավորել են ԼՂ խնդրի շուրջ միջազգային դիրքորոշումը: Իսկ որպես քաղաքական մոդելի չափանիշներ` մատնանշվել են հակամարտության մի շարք ասպեկտների շուրջ միջազգայնորեն ճանաչված անհամաձայնության փաստը, ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման միջազգային գործընթացի առկայությունը` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու` Ադրբեջանի պարտավորությունը և վերջինիս կողմից ուժի կիրառումը միջազգայնորեն խոչընդոտելու իրողությունը:

Նույն չափանիշների լույսի ներքո ամփոփվել են նաև ԼՂ հայերի ինքնորոշման միջազգայնորեն չճանաչված իրավունքը, ԼՂ նկատմամբ Ադրբեջանի գերիշխանության ու ԼՂ հայերի իրավունքների փաստացի ճանաչումը, ինչպեսև ԼՂ շուրջ բախումնային իրավիճակի վերաբերյալ տարածաշրջանային տերությունների դիրքորոշումների փաստացի հակասությունը:

ԼՂ խնդրի վրա իրավական ներգործության մեթոդների առումով փորձագետներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացի լճացումն ու անվտանգության խնդիրները, ինչպես նաև նույն խնդիրների ծագման հնարավորությունը ԼՂՀ անկախության ճանաչման պարագայում: Բանախոսները որոշակի ռեսուրս և, միևնույն ժամանակ, ռիսկեր են տեսնում թե´ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման և թե´ խնդրի միջազգային-իրավական մոդելի փոփոխության համատեքստում: