Հայաստանի ՀՆԱ-ն 2024-ին աճել է 6%-ով՝ կառավարության կանխատեսածից քիչ 1%-ով

Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2024-ին նախորդ տարվա համեմատ աճել է 5,9%-ով կամ 1 տոկոսային կետով պակաս, քան կանխատեսել էր կառավարությունը (7%):

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ գներով 2024-ին կազմել է ավելի քան 10,1 տրլն դրամ, որը 5,9%-ով գերազանցում է 2023-ի ցուցանիշը:

Տնտեսական աճը դրական ազդեցություն է ունեցել մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի վրա, որը 2024-ին հասել է 3,33 մլն դրամի՝ նախորդ տարվա 3,2 մլն դրամի համեմատ:

2024-ին Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքում մեծ մասնաբաժին է ունեցել առևտուրը՝ 17% աճ, շինարարությունը՝ 14,5% աճ, և ծառայությունների ոլորտը՝ 10,6% աճ: Ավելի փոքր նպաստ են ունեցել էներգետիկան՝ 6,5%, արդյունաբերությունը՝ 4,7%, և գյուղատնտեսությունը՝ 1,6% աճով: Տարեկան գնաճը կազմել է 0,3%:

2024-ը բնութագրվում է նաև արտաքին առևտրի կտրուկ աճով, որն իր գագաթնակետին հասավ տարվա կեսին, սակայն հետո սկսեց դանդաղել: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության աճը 2024-ին կազմել է 41,5%` գումարային արտահատությամբ անցնելով 11,8 տրլն դրամը:

Սա պայմանավորված է եղել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծաման զգալի աճով, թեև տարեվերջին երկուսի դինամիկան էլ դանդաղել է: Արտահանման ծավալը 2024-ին աճել է 53,1%-ով` կազմելով 5,1 տրլն դրամ, ներմուծման աճը եղել է 33,8%` հասնելով 6,7 տրլն դրամի:

Արտաքին առևտրի աճը, ինչպես նշում են փորձագետները, հիմնականում պահպանվել է թանկարժեք մետաղների և քարերի վերաարտահանման զգալի ծավալների շնորհիվ: Այդ ապրնքատեսակների արտահանումն անցած տարի հասել է 8 մլրդ դոլարի, ներմուծումը՝ 7,4 մլրդ դոլարի, որոնք աճել են տարեկան 2,5-2,7 անգամ:

Մաքսային տվյալների համաձայն, որոնք մեջբերում է ԱրմԻնֆոն, ոսկին հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից (95,9%) և արտահանվում ԱՄԷ (84,2%): Ադամանդները գլխավորապես ստացվում են Հնդկաստանից (45,2%), Ռուսաստանից (21,4%) և Հոնգկոնգից (19,7%), և արտահանվում են ԱՄԷ (82,7%):

2024-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը գրեթե համընկնում է Կենտրոնական բանկի 6% կանխատեսման հետ: Արժույթի միջազգային հիմնադրամը նույնպես 2024-ի համար Հայաստանում կանխատեսել էր 6% աճ, իսկ Համաշխարհային բանկը՝ 5,5%:

Հայաստանի կառավարությունը 2024-ին նախատեսում էր ապահովել 7% աճ, որը ներառված էր անցած տարվա պետական բյուջեում:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել