ԱՄՆ-ն ճնշում է Կիևին՝ փոխարինելու ՄԱԿ-ին ներկայացված հակառուսական բանաձևը 

Լոնդոնի կենտրոնում ցուցարարները քայլում են դեպի Ռուսաստանի դեսպանատուն՝ ի աջակցություն Ուկրաինայի՝ Ռուսաստանի ներխուժման երրորդ տարելիցից առաջ։ (Photo: Benjamin Cremel/AFP)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինային խնդրել է հետ կանչել Ռուսաստանի պատերազմը դատապարտող ամենամյա բանաձևը և ցանկանում է այն փոխարինել ԱՄՆ-ի մեղմացված հայտարարությամբ, որը Կիևում ընկալվել է որպես ռուսամետ: Այս մասին հաղորդում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով մեկ պաշտոնյայի և եվրոպացի երեք դիվանագետի, որոնք ծանոթ են ծրագրին և խոսել են անանուն:

Առաջարկը ցնցել է Կիևին, որը հրաժարվել է հետ կանչել իր բանաձևը։ Նախատեսվում է, որ այն կհրապարակվի երկուշաբթի՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երեք տարին լրանալու օրը: Ուկրաինացիներին նոր առաջարկի մասին տեղեկացրել են ուրբաթ:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վաշինգտոնը «ՄԱԿ-ում առաջարկել է պարզ, պատմական բանաձև, որին մենք կոչ ենք անում աջակցել բոլոր անդամ պետություններին՝ խաղաղության ուղին գծելու համար»:

«Այս բանաձևին աջակցելով՝ մենք հաստատում ենք, որ այս հակամարտությունը սարսափելի է, որ ՄԱԿ-ը կարող է օգնել այն դադարեցնելուն, և որ խաղաղությունը հնարավոր է: Մենք խորապես հավատում ենք, որ սա է պատերազմը դադարեցնելու հանձնառության պահը», – ասված է հայտարարության մեջ:

Բանաձևը Կիևում դիտվել է որպես ռուսական ներխուժման համար պատասխանատվության որևէ տեսակ արտահայտումը սահմանափակելու փորձ, մանավանդ, որ խնդրանքը եկել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սխալմամբ Ուկրաինային մեղադրել էր պատերազմը սկսելու մեջ:

Նախ, ինչպես ասել է պաշտոնյան, Վաշինգտոնը դիտարկել է Ուկրաինայի առաջարկած բանաձևը և «պահանջել է որոշ փոփոխություններ կատարել՝ այն մեղմելու համար», այդ թվում՝ «ռուսամետ» ձևակերպումներ անել: Այնուհետև Վաշինգտոնն առաջարկել է նոր բանաձև և Կիևից պահանջել է հետ կանչել նրա տարբերակը, որը արդեն համաձայնեցված էր այլ գործընկեր երկրների հետ, որոնք ծրագրում էին ստորագրել այն:

Նոր առաջարկը «ցնցել է» ուկրաինացիներին, ասել է պաշտոնյան, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է հետ չկանչել գոյություն ունեցող բանաձևը:

«Նրանց առաջարկը շատ կարճ է և լիովին նոր ձևակերպումներով»,- ասել է պաշտոնյան: «Շատ երկրների ներկայացուցիչներ ասում են, որ սա ավելի շուտ նման է [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ զիջումների, քան խաղաղության կոչի»:

Թրամփի վարչակազմի խնդրանքը Կիևին հուշել է, որ նրանք փորձում են «շրջանցել ՄԱԿ-ի հնարավոր բոլոր ընթացակարգերը»՝ խնդրելով Ուկրաինային կամավոր հետ կանչել իր տեքստը և ճանապարհ հարթելով այլ երկրների համար՝ միանալու ԱՄՆ-ի մեղմ տեքստին:

«Ապշեցուցիչ է, որ նրանք ճնշում են գործադրում [Ուկրաինայի] վրա և ոչ ռուսների»,- ասել է պաշտոնյան:

«Ինքնին պարզ է», թե ինչ է կատարվում, ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:

Մեկնաբանել