Գլխավոր Լրահոս

Հռոմի պապին փորձնական ՉԵՆ հուղարկավորելու. լուրը կեղծ է

Հռոմի պապին փորձնական ՉԵՆ հուղարկավորելու. լուրը կեղծ է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայկական մի շարք լրատվամիջոցներ փետրվարի 20-ին հրապարակել են լուր, թե իբր Վատիկանի զինված ուժերը՝ Շվեյցարական գվարդիան, պատրաստվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին մահանալուց առաջ փորձնական հուղարկավորել։

«Շվեյցարական գվարդիան Հռոմի պապի հուղարկավորության փորձ կկատարի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոսպիտալացման և վիճակի վատացման ֆոնին»,- գրել են լրատվամիջոցները՝ հղում կատարելով շվեյցարական Blick պարբերականին։

Լուրը տարածել են Oragir.news, Asekose.am, SocialMedia.am, Iravunk.com, Bavnews.am և Lragrogh.com լրատվամիջոցները։  

Ինչ է տեղի ունեցել իրականում

Շվեյցարական գվարդիան Վատիկանի պետության պաշտոնական զինված ուժերն է և 1506 թվականից ի վեր պատասխանատու է Հռոմի պապի անվտանգության և Վատիկանի պահպանության համար։

Շվեյցարական Blick պարբերականի՝ փետրվարի 19-ի հրապարակման մեջ իրոք նշվում էր, որ գվարդիայի անդամների համար «պարետային ժամ է սահմանվել», և հուղարկավորության փորձ է կատարվել: 

Սակայն նույն օրը՝ ժամը 18:28-ին, Blick-ը թարմացրել է հոդվածը՝ հեռացնելով հուղարկավորության փորձերի մասին հատվածը՝ ավելացնելով Շվեյցարական գվարդիայի պաշտոնական հերքումը։

«Մենք շարունակում ենք աշխատել նորմալ ռեժիմով», - թարմացված հոդվածում մեջբերվում է գվարդիայի խոսնակի խոսքը։

Պարբերականը նաև ավելացրել է խմբագրական ծանոթագրություն՝ նշելով, որ նախորդ տարբերակում բացակայում էր գվարդիայի մեկնաբանությունը։

Reuters-ի և BBC-ի տվյալներով՝ 88-ամյա Հռոմի պապը փետրվարի 14-ից գտնվում է Հռոմի Ջեմելի հիվանդանոցում։ Նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, և վիճակը գնահատվում է ծանր։ Փետրվարի 24-ի դրությամբ Վատիկանը հայտնել է, որ պապն անցկացրել է «լավ» գիշեր, թեև նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։

Այսպիսով, հայկական լրատվամիջոցները ոչ միայն հիմնվել են Blick-ի չճշտված նախնական հրապարակման վրա՝ անտեսելով հետագա հերքումը, այլև աղավաղել են նույնիսկ այդ նախնական տեղեկությունը՝ ավելացնելով անհեթեթ պնդում` Հռոմի պապին փորձնական հուղարկավորելու մասին։

Փաստերի ստուգում

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում