Ակտիվիստը հրաժարվել է ՄԻԵԴ-ի փոխհատուցումից

2015-ին ՀՀ–ում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ցույցերի ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է՝ իր օգտին ՄԻԵԴ-ի կայացրած որոշումից և փոխհատուցումից։ Այս մասին Իշխանյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«‎Որոշման պատճառն այն է, որ եվրոպական համայնքն օգնել է դատական անկախությունը քայքայող ավտորիտար համակարգի ամրացմանը Հայաստանում, ժողովրդավար Արցախի հանձնմանն ավտորիտար Ադրբեջանին»,- գրել է Իշխանյանը։

Նա նաև նշել է, որ ՄԻԵԴ-ի փոխհատուցումից հրաժարվել է իր համերաշխությունը հայտնելով դատական իշխանության անկախության սկզբունքին, Մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական արժեքներին, դատավորներին, որոնք պահպանում են այս սկզբունքները և Ժողովրդավար Արցախին։

Որոշման համաձայն, Հայաստանը Հովհաննես Իշխանյանին պետք է վճարի 4600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և ևս 1500 եվրո էլ որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Մեկնաբանել