Հույսը չի մեռնում հիմնարկեքով

Հինգ տարի ձգձգված քննարկումներից հետո այսօր տեղի է ունենալու «Մեղրի հիդրոէլեկտրակայանի» հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։ Համաձայն նախորդ տարիներին հնչող հայտարարությունների՝ այս տարի հէկը պետք է մոտ լիներ շահագործման հանձնելուն։ Նման պայմաններում քիչ հավանական է, որ $300 մլն արժողությամբ այս կառույցը պատրաստ կլինի հինգ տարի հետո։
«Մեղրի հէկի» հիմնարկեքն ավելի շուտ արարողություն է արարողության համար. հաշվի առնելով մոտալուտ ձմեռը՝ լայնածավալ շինաշխատանքների մասին հնարավոր կլինի խոսել միայն գալիք տարվա գարնանը։

Արաքս գետի ափին հայկական և իրանական կողմերում երկու՝ Մեղրիի և Ղարաչիլարի հէկերի կառուցումը, ըստ մինչ այս հնչած պաշտոնական հայտարարությունների, պետք է սկսվեր 2007թ., հետագայում՝ 2010թ., հետո էլ՝ 2011թ., ինչպես նաև այս տարվա օգոստոսին։

Հէկերի կառուցման հուշագիրը ստորագրվել է 2007թ. մարտին 19-ին՝ Իրան-Հայաստան գազամուղը շահագործման հանձնելու արարողությունից հետո, երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Մահմուդ Ահմադինեժադի ներկայությամբ։ Նույն տարվա հոկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է հուշագիրը։ Շինաշխատանքների մեկնարկը տրվելու էր 2007թ., կառույցը նախատեսվում էր շահագործման հանձնել վեց տարի անց։

Հաջորդող տարիներին էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պարբերաբար հետաձգել է հէկի կառուցման մեկնարկը։
2010թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն ստորագրեցին Մեղրի հէկի «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» հիմունքներով (BOOT ներդրումային ծրագիր) կառուցման թույլտվության պայմանագիրը, որից հետո հայտարարվեց, թե շինաշխատանքների մեկնարկը կտրվի շուտով։ Ժամկետի նման անորոշ ձևակերպումը նույնիսկ հետաձգվեց երկու անգամ (2011թ. և 2012թ.)։ Հէկի կառուցման ժամանակացույցի պահպանման հարցում վստահություն չի ներշնչում նաև նոյեմբերի 8-ին կայանալիք արարողությունը։

Խնդիրն այն է, որ 2010թ. հոկտեմբերի 14-ին Հայաստանի և Իրանի էներգետիկայի նախարարների մասնակցությամբ Գեղարքունիքի մարզում՝ Երևան-Սևան ավտոմայրուղու հարևանությամբ, տեղի ունեցավ Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության հիմնարկեքը. շինարարությունը պետք է իրականացվեր 18 ամսվա ընթացքում: Սա նշանակում է, որ €107,9 մլն արժողությամբ և Հայաստանի տարածքում 275 կմ երկարություն ունեցող այս նախագիծը շահագործման պետք է հանձնվեր ամենաուշը այս տարվա երկրորդ կեսին, այնինչ բուն շինաշխատանքները չեն էլ սկսվել։

Մեղրիի հէկի ծրագիրն իրականացվում է «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» սխեմայով։ Այն ենթադրում է, որ իրանական ներդրումային ընկերությունը հինգ տարվա ընթացքում պետք է կառուցի հէկը, այն շահագործի 15 տարի, որից հետո անհատույց փոխանցի հայկական կողմին։ Նախագծում ներդրումները գնահատվել են $323 մլն, որն ամբողջությամբ կատարելու է իրանական կողմը։ Հէկը պետք է ունենա 130 ՄՎտ հաշվարկային հզորություն և տարեկան արտադրի 793 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը՝ հէկի կառուցումը ենթադրում է բարդ ինժեներական կառույցների առկայություն։ Անհրաժեշտ է կառուցել 18,2 կմ թունել, որը սկիզբ է առնելու Նախիջևանի սահմանից։ Հայկական տարածքում կառուցվող հէկին համարժեք հաշվարկային հզորությամբ հէկ կառուցվելու է նաև Իրանի տարածքում՝ Ղարաչիլարի հէկը (Մեղրիի հէկից 18 կմ հարավ): Հաշվարկները ցույց են տվել, որ երկու հէկերի շինաշխատանքները զուգահեռ իրականացնելու պայմաններում ծախսերը նվազում են մոտ 15%-ով։

Հէկերի կառուցման հարցում մեծ է իրանական կողմի շահագրգռվածությունը, քանի որ արտադրվող էլեկտրաէներգիան ամբողջությամբ սպառվելու է Իրանում, որտեղ պահանջարկը կտրուկ ավելանում է ամռան ամիսներին։ Նախատեսվում է, որ իրանական կողմի շահագործումից հետո (15 տարի) հէկի սարքավորումները պետք է ունենան նվազագույնը 10 տարվա շահագործման ռեսուրս, իսկ թունելը և ինժեներական կառույցները՝ 30 տարվա: Սա նշանակում է, որ Մեղրիի հէկը հայկական կողմին փոխանցելուց հետո այն պիտանի է լինելու շահագործման, իսկ էլեկտրաէներգիան դարձյալ արտահանվելու է Իրան՝ ապահովելով եկամուտներ։

Չնայած էներգետիկ այս նախագծի նկատմամբ իրանական կողմի հետաքրքրվածությանը՝ պաշտոնական Թեհրանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով ներկայում լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Հոկտեմբերի 24-ին Երևանում Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն հայկական կողմից պահանջել է հէկի նախագծի իրականացման հարցում տրամադրել վարկային երաշխիքներ։ Հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցում հայտնի չէ։

Մեկնաբանել