Հունվարին Հայաստանի արտահանումը կիսով չափ կրճատվել է

Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվարին 7,1%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, սակայն արտաքին առևտուրը կտրուկ նվազել է։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` տնտեսության ճյուղերից ամենամեծ աճը գրանցվել է ծառայությունների ոլորտում, որի ծավալը ավելացել է12,6%-ով՝ հասնելով 280 մլրդ դրամի, իսկ շինարարության ոլորտը գրանցել է 11,6% աճ՝ կազմելով 19,2 մլրդ դրամ։

Ներքին առևտրի շրջանառությունը նույնպես դրական դինամիկա է ցուցաբերել՝ 9,9%-ով ավելանալով և հասնելով 379 մլրդ դրամի։

Անկում է գրանցվել արդյունաբերության և արտաքին առևտրի ոլորտներում։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10,4%-ով՝ կազմելով 190 մլրդ դրամ, իսկ արտաքին առևտրի ցուցանիշները գրանցել են շեշտակի անկում։

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 40%-ով՝ նվազելով մինչև 548 մլրդ դրամ։

Արտահանման ծավալները կրճատվել են գրեթե կիսով չափ՝ 49,2%-ով՝ կազմելով ընդամենը 192 մլրդ դրամ, մինչդեռ ներմուծումը նվազել է 33,5%-ով՝ հասնելով 356 միլիարդ դրամի։

Այս տավա հունվարին Հայաստանի արտաքին առևտրի անկումը տնտեսագետները բացատրում են ոսկու և թանկարժեք քարերի վերարտահանման ծավալների շեշտակի նվազմամբ: Այդ ապրանքատեսակների արտահանումն անցած տարի հասել էր 8 մլրդ դոլարի, ներմուծումը՝ 7,4 մլրդ դոլարի, որոնք աճել են տարեկան 2,5-2,7 անգամ:

Մաքսային տվյալների համաձայն՝ 2024-ին ոսկին հիմնականում ներմուծվել է Ռուսաստանից (95,9%) և արտահանվել ԱՄԷ (84,2%): Ադամանդները գլխավորապես ստացվել են Հնդկաստանից (45,2%), Ռուսաստանից (21,4%) և Հոնգկոնգից (19,7%) և արտահանվել են ԱՄԷ (82,7%):

Մեկնաբանել