Ստվերը ձգել է ԱՊՊԱ-ի գոտիները

«Ստվերում» գտնվող առնվազն 27,7 հազ. ավտոմեքենաների հանգամանքը ապահովագրական ընկերություններին ստիպել է ԱՊՊԱ հատուցումներում ձգել գոտիները։ Թեև ԱՊՊԱ սակագնի հիմքում դրված է, որ հավաքագրված յուրաքանչյուր Դ100-ից հատուցմանը պետք է ուղղվի Դ78-ը, այս տարվա ինն ամիսներին ուղղվել է Դ70-ը, որը, ըստ ապահովագրական ընկերությունների, վնասաբերության կրիտիկական սահմանն է։

Անցած տարվա համեմատ Հայաստանի ավտոպարկը 2012թ. ավելացել է 24 հազ. մեքենայով. այդուհանդերձ, սեպտեմբերի վերջին առկա ԱՊՊԱ պայմանագրերի քանակը 3,7 հազ-ով զիջել է 2011թ. նույն ամսվա ցուցանիշը։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի և Ավտոապահովագրողների բյուրոյի վիճակագրական տվյալների՝ Հայաստանում առնվազն 27,7 հազ. ավտոմեքենա կամ ավտոպարկի ավելի քան 5%-ը չունի ԱՊՊԱ պայմանագիր։

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ավտոտրանսպորտային միջոցի վարումը, եթե դրա համար առկա չէ այն վարելու պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Օրենքով ամրագրված է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինը Բյուրոյի տրամադրած տեղեկությունների հիման վրա միջոցառումներ է ձեռնարկում այն ավտոտրանսպորտային միջոցների հայտնաբերման և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցի կիրառման ուղղությամբ, որոնք երթևեկում են առանց սահմանված կարգով կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու:

Ուշագրավ է, որ «ստվերային ավտոմեքենաների» նման ծավալը հանգեցրել է ԱՊՊԱ ոլորտում ֆինանսական վիճակի վատթարացման։
Այսպես՝ այս տարվա ինն ամիսներին ապահովագրական ընկերությունների հաշվեգրած ապահովագրավճարները կազմել են Դ12,3 մլրդ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի Դ13,5 մլրդ-ի համեմատ։ Նվազումը պայմանավորված է նաև նրանով, որ ապահովագրական ընկերությունների պորտֆելում զգալի ծավալ են կազմել կարճաժամկետ պայմանագրերը։ Եթե անցած տարվա ինն ամիսներին ապահովագրական պոլիսի միջին սակագինը կազմել է Դ36,5 հազ., ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ Դ33,5 հազ.։

Հունվար-սեպտեմբերին մի կողմից նվազել է ապահովագրավճարների ծավալը, մյուս կողմից՝ էապես ավելացել են հատուցումները։ Այս ընթացքում ապահովագրական ընկերությունները հատուցման են ուղղել Դ6,4 մլրդ՝ անցած տարվա Դ3,4 մլրդ-ի համեմատ։

Ֆինանսական մուտքերի նվազումը ապահովագրական ընկերություններին ստիպել է ձգել գոտիները. եթե անցած տարի միջին հատուցման գումարը կազմել է Դ221 հազ., ապա այս տարվա ինն ամիսներին այն նվազել է Դ11 հազ-ով։ Ընդ որում՝ սեպտեմբերին հատուցման համար ներկայացված դիմումների քանակը նախորդ ամիսների միջին ցուցանիշի համեմատ փոքր-ինչ աճել է։ Սեպտեմբերին հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ Դ633 մլն, միջին հատուցման գումարը՝ Դ184 հազ. (նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ Դ50 հազ-ով): Հատուցումների միջին գումարի նվազումը ապահովել է, որ սեպտեմբերին ԱՊՊԱ ոլորտում վնասաբերության ցուցանիշը կազմի 70%՝ այնքան, որքան ութ ամիսներին:

Թեև ԱՊՊԱ սակագների հիմքում դրված է, որ հավաքագրված յուրաքանչյուր Դ100-ից հատուցման պետք է ուղղվի Դ78-ը, ըստ ապահովագրական ընկերությունների՝ կրիտիկական ցուցանիշը Դ70-ն է։

Հաշվի առնելով, որ առաջիկա ամիսների եղանակային պայմանների վատացումը հանգեցնելու է հատուցումների ծավալների ավելացման, ապահովագրական ընկերությունների ներկայիս ֆինանսական ցուցանիշների պայմաններում վնասաբերության մակարդակը դրսևորելու է աճի միտում։

Այս տարվա յոթ ամիսներին ԱՊՊԱ ոլորտում վնասաբերության մակարդակը կազմել է 70%, յոթ ամիսներին՝ 66%, հինգ և վեց ամիսներին՝ 69%, չորս ամիսներին՝ 78%, առաջին եռամսյակում՝ 76%։

Մեկնաբանել