Եվրահանձնաժողովը իջեցրել է ՀՆԱ-ի աճի կանխատեսումները

2013թ. Հունաստանի տնտեսությունը կկրճատվի 4,2%-ով, 2014թ. այն 0,6% աճ կարձանագրի: Մինչ այս 2013թ. համար Հունաստանում զրոյական աճ էր ակնկալվում։ Այսպիսի տվյալներ է պարունակում Եվրահանձնաժողովի հրապարակած նոր կանխատեսումը:

Եվրոպական իշխանությունները 2013-ին ռեցեսիա են ակնկալում Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Սլովենիայում և Կիպրոսում: Մյուս երկրները, ըստ Եվրահանձնաժողովի, թեև կկարողանան խուսափել ռեցեսիայից, սակայն ՀՆԱ-ի աճի տեմպի էական դանդաղում կարձանագրեն։ Այսպես՝ 2013-ին Գերմանիայում տնտեսությունը կաճի 0,8%-ով (նախորդ, գարնանային կանխատեսումը՝ 1,7%), Ֆրանսիայում՝ 0,4%-ով (նախորդը՝ 1,3%), Մեծ Բրիտանիայում՝ 0,9%-ով (նախորդը՝ 1,7%):

Եվրահանձնաժողովը դեպի նվազում է վերանայել նաև Եվրամիության ՀՆԱ աճը կանխատեսումը։ 2012թ. ԵՄ-ում կարձանագրվի 0,3% անկում, եվրոգոտում՝ 0,4%: Գարնանը այս տարի ԵՄ-ում ակնկալվում էր ՀՆԱ զրոյական աճ, եվրոգոտում՝ 0,3% անկում։

Համաձայն նոր կանխատեսման՝ 2013թ. եվրոգոտում ՀՆԱ-ն կաճի 0,1%-ով։ Ընդ որում, ԵՄ տնտեսությունը կարձանագրի միայն 0,4% աճ, գարնանը անկնալվող 1,3%-ի դիմաց։

Կանխատեսումների դեպի նվազում վերանայումը Եվրահանձնաժողովում պայմանավորել են ԵՄ երկրներում տնտեսական ակտիվության նվազմամբ, ինչպես նաև պահանջարկի կրճատմամբ: Այդուհանդերձ, ԵՄ պետություններում աստիճանաբար վերականգնվում է տնտեսական ակտիվությունը, թեև առավել խոցելի երկրների ֆինանսական դրությունը շարունակում է բացասաբար անդրադառնալ մյուսների վրա:

Ըստ Եվրահանձնաժողովի՝ եվրոգոտու տնտեսական հեռանկարների վատթարացման պատճառով բյուջետային պակասուրդի կրճատման խնդիր ունեցող երկրները, ամենայն հավանականությամբ, կձախողեն այդ գործընթացը։

Մեկնաբանել