Էրզրումում հայկական ինքնաթիռ է իջեցվել. թուրքական մամուլ

Այսօր առավոտյան Էրզրումում հարկադիր վայրէջք է կատարել հայկական ավիաուղիներին պատկանող Antonov AN 12 ինքնաթիռը, որը հումանիտար օգնություն էր տեղախոխում Սիրիա, գրում են թուրքական լրատվամիջոցները:

Sabah-ը, HaberTurk-ը և մի շարք այլ լրատվամիջոցեր գրում են, որ ինքնաթիռի վայրէջքը հարկադիր էր, իսկ Hurriyet-ը գրում է, որ այն նախապես ծրագրված էր:

Ինքնաթիռն իջեցվել է տեղական ժամանակով առավոտյան` ժամը 6:12-ին: HaberTurk-ը գրում է, թե թուրքական կողմը կասկածում է, որ Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռում ռազմամթերք կա: Հայ պաշտոնյաները, ինչպես նաև ինքնաթիռի օդաչուները պնդում են, որ ինքնաթիռում արգելված բեռ չկա, հաղորդում է Sabah-ը:

Թուրքական անվտանգության ուժերը հայկական ինքնաթիռում հետախուզական և որոնողական աշխատանքներ են իրականացնելու: Էրզրումի նահանգապետի տեղակալը Օզգյուր Արսլանը ժամանել է օդանավակայան` դեպքերի մանրամասներին ծանոթանալու համար, գրում է HaberTurk-ը:

Այս պահի դրությամբ թուրքական կողմը հայկական ինքնաթիռի վայրէջքի հետ կապված պաշտոնական հայտարարություն չի արել:

Համանման դեպք էր արձանագրվել նաև 2012թ. հոկտեմբերի 15-ին, երբ թուրքական լրտավամիջոցները գրեցին, թե Երևանից Հալեպ հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Էրզրումում: Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ հայկական և թուրքական կողմերի միջև վայրէջքի մասին նախնական պայմանավորվածություն է եղել: