Երբ Սպիտակ տան դուռը կբացվի ՀՀ նախագահի առջև

Սերժ Սարգսյանի վիճելի ընտրությունից հետո ԱՄՆ կառավարությունը սառեցրեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի համար հաստատված գումարի մի մասը՝ շուրջ 160 միլիոն դոլար նվիրատվությունը:

Հայաստանի նախագահը շնորհավորել է Բարաք Օբամային՝ հույս հայտնելով, որ նրա վերընտրվելը թույլ կտա շարունակել և ակտիվորեն զարգացնել ու խորացնել հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք, Սերժ Սարգսյանի խոսքով՝ Երևան-Վաշինգտոն երկկողմ հարաբերությունների պատմության ողջ ընթացքում «այս պահին գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա»:

Սերժ Սարգսյանի վիճելի ընտրությունից, մարտի 1-ի ողբերգական դեպքերից և դրան հաջորդած հարյուրավոր մարդկանց ձերբակալությունից հետո հենց այդ պատճառներով ԱՄՆ կառավարությունը սառեցրեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանի համար հաստատված գումարի մի մասը՝ շուրջ 160 միլիոն դոլար նվիրատվությունը, որը պետք է ուղղվեր Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը: Նախագահության հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց ընդունելության արժանանալ Սպիտակ տանը՝ ի տարբերություն առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի:

Սարգսյանը նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո տարբեր միջազգային միջոցառումների մասնակցելու նպատակով մի քանի անգամ այցելել է ԱՄՆ, բայց ոչ Սպիտակ տուն: Եթե 2013թ. նախագահական ընտրությունները ևս ուղեկցվեն այնպիսի համատարած կեղծիքներով ու բռնություններով, ինչպես 2008թ., ապա Հայաստանի նախագահը, անկախ նրանից, թե ինչ ազգանուն կունենա, զրկված կլինի Սպիտակ տուն այցելելու հնարավորությունից:

Հայ-ամերիկյան հարաբերություններում կարևոր տեղ է գրավում Հայաստանի ժողովրդավարական զարգացման աստիճանը, խոսքի ազատության պաշտպանությունը, օրենքի իշխանությա ն հարգումը, քաղաքական հանդուրժողականությունը: Եվ քանի որ Հայաստանում քվեարկությունները պարբերաբար կեղծվում են, հատկապես նախագահական ընտրությունների ժամանակ, Երևան-Վաշինգտոն հարաբերությունները պարբերաբար լարվածություն են ապրում: Նման լարվածություն ստեղծվեց 1996թ., 2003թ. և 2008թ. խիստ վիճելի և անարդար ընտրություններից հետո:

Նախագահության հինգ տարիների ընթացքում Սարգսյանը ամերիկացիների ուշադրության կենտրոնում է եղել և միանշանակ աջակցության է արժանացել հայ-թուրքական գործընթացի պատճառով: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման ամենաջերմեռանդ պաշտպանը Միացյալ Նահանգներն էր: Հենց պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անմիջական ջանքերի շնորհիվ էր, որ Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքականան երկու արձանագրությունները: Հայաստանում շատերը, իսկ Սփյուռքի մեծ մասը անընդունելի որակեցին այդ արձանագրությունների բովանդակությունը, նշելով, որ դրանցով Հայաստանը կատարեց Թուրքիայի երեք նախապայմաններից առնվազն երկուսը:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Վաշինգտոնի գերակա խնդիրներից է եղել դրանց ստորագրումից ի վեր: Միացյալ Նահանգները ողջունում է, որ նախագահ Սարգսյանը շարունակում է արձանագրությունները պահել օրակարգում, ընդգծել է դեսպան Հեֆերնը:

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար մեկ այլ առանցքային՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, Վաշինգտոնի դիրքորոշումը 1988-ից ի վեր կրել է փոփոխություններ: Քանի դեռ Հայաստանը Խորհրդային Միության կազմում էր, Միացյալ Նահանգները համակրում և աջակցում էր Արցախում հայ ժողովրդի պահանջներին: Սակայն երբ Հայաստանը անկախություն ձեռք բերեց, ամերիկյան քաղաքականությունը ղարաբաղյան հարցում կրեց փոփոխություն: Անշուշտ, չի կարելի ասել, որ Արցախի հարցում Վաշինգտոնի կեցվածքը ադրբեջանամետ է: Ավելին, Հայաստանից բացի միակ երկիրը, որ Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օժանդակություն է տրամադրում, հենց Միացյալ Նահանգներն է: Այդ օգնությունը տրվում է 1998-ից ի վեր: Ճիշտ է, Միացյալ Նահանգները ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն մյուս կողմից, չի կանխորոշում ղարաբաղյան կարգավորման բանակցությունների արդյունքները:

Միացյալ Նահանգները Հայաստանի համար կարևոր գործընկեր է մի քանի առումներով: Առաջին, Միացյալ Նահանգները այսօր աշխարհի հզորագույն պետությունն է և միակ գերտերությունը: Երկրորդ, այդ երկրում հաստատվել են ավելի քան մեկ միլիոն հայեր: Երրորդ, Միացալ Նահանգները Ղարաբաղյան խնդրի կարգավորման Մինսկի խմբի եռանախագահ պետություններից է Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին: Չորրորդ, Միացյալ Նահանգները Հայաստանին մարդասիրական և տեխնիկական օգնություն տրամադրող խոշորագույն դոնորն է: Հայաստանը և Միացյալ Նահանգները համագործակցում են նաև միջազգային տարբեր ծրագրերի, այդ թվում՝ խաղաղարար առաքելության շրջանակներում:

Անկասկած, կարելի է թվարկումը շարունակել, բայց ասվածն էլ բավարար է, որպեսզի պարզ լինի Միացյալ Նահանգների կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար:

Հ.Գ. Հայաստանի արտգործնախարարության կայքէջում՝ «Երկկողմ հարաբերություններ. ԱՄՆ. Ընդհանուր տեղեկություններ» (http://www.mfa.am/hy/country-by-country/us/) բաժնում որպես հայ առաջին բարձրաստիճան պաշտոնյայի այց ԱՄՆ նշվում է նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի՝ 1993թ. հուլիսյան այցը: Անկասկած ոչ կանխամտածված կերպով բաց է թողնվել Հայաստանի առաջին նախագահի առաջին այցը Միացյալ Նահանգներ և Կանադա, որը տեղի է ունեցել 1991թ. աշնանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո: Միացյալ Նահանգները դարձավ նախագահի պաշտոնում Տեր-Պետրոսյանի ընտրվելուց հետո առաջին արտասահմանյան այցը:

Մեկնաբանել