Մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ ՄԻՊ գրասենյակից ՍիվիլՆեթին հայտնեցին, որ սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին։

Գրասենյակից նշեցին, որ մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս բարձրաձայնել է, որ Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներն ուղեկցվում են մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով։

«Իրավիճակի հետ կապված՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում իրականացվել են և շարունակվում են իրականացվել համապատասխան քայլեր ՄԻՊ լիազորությունների շրջանակներում», – նշեցին ՄԻՊ գրասենյակից։

Հաշվի առնելով հարցի զգայունությունը և Պաշտպանի աշխատակազմի՝ «չվնասելու սկզբունքով» աշխատելու կարևորությունը՝ օմբուդսմենի գրասենյակն այլ մանրամասներ այս պահին հրապարակել նպատակահարմար չի համարում։

Պաշտպանն իր մանդատի շրջանակներում շարունակում է այս խնդիրները բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարների մոտ։

«Ընդգծում ենք, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ», – ընդգծեցին ՄԻՊ գրասենյակից։

Մեկնաբանել