Բաղդադում քննարկվել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագիրը

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանը նոյեմբերի 7-ին Բաղդադում մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց օրակարգում երկկողմ համագործակցության խորացման հարցերն էին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Իրաքի երկաթգծերի տնօրինության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են հաղորդակցության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները: Իրաքցի պաշտոնյաները տեղեկություններ են ներկայացրել երկրում երկաթգծի համակարգի վիճակի, զարգացման հեռանկարային ծրագրերի մասին:

Գևորգյանն իր հերթին անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին` նկատելով, որ այն էապես նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում բեռնափոխադրումների առումով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական մակարդակով երկկողմ քննարկումների կազմակերպման վերաբերյալ, որոնց ընթացքում ոլորտում փոխշահավետ գործակցության առաջարկություններ կձևավորվեն և կներկայացվեն կողմերին:

ՀՀ փոխվարչապետի մյուս հանդիպումը Իրաքի նավթի նախարար Աբդ ալ Քարիմ Լուայբիի հետ էր: Կողմերը քննարկել են էներգետիկայի և բնական պաշարների բնագավառում համագործակցության հարցեր: Երկուստեք կարևորվել է միջկառավարական հանաձնաժողովի նիստի ընթացքում ձեռք բերված, ոլորտում համագործակցության ծրագրի մշակման վերաբերյալ պայմանավորվածությունը: Զրուցակիցները ընդգծել են, որ առկա է գործակցության մեծ ներուժ` թե´ էներգետիկայի, թե´ նավթագազային բնագավառում:

Արմեն Գևորգյանն անդրադարձել է Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերին, որոնք հնարավորություն են տալու Հայաստանին` առավել հզորացնել էներգիա մատակարարող երկրի իր կարողությունները:

Աբդ ալ Քարիմ Լուայբին Իրաքում էլեկտրակայանների արդիականացման, դրանց շինարարությունն ավարտին հասցնելու, շահագործման աշխատանքներում օգտակար է համարել հայ մասնագետների հմտությունների օգտագործումը` հաշվի առնելով էներգետիկայի վերականգնման ոլորտում հայկական կողմի փորձը:

Քննարկվել են նավթագազային արդյունահանման բնագավառում փոխգործակցության հարցեր, անդրադարձ եղավ նավթագազային արդյունահանման աշխատանքներին հայկական կողմի մասնակցության հնարավորությանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում համապատասխան աշխատանքային խմբերը կուսումնասիրեն հնարավորությունները` նավթագազային ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացման նպատակով: Մասնավորապես նշվել է գազի արտադրման և կուտակման կարողությունների ստեղծման մասին:

Փոխվարչապետը հանդիպել է նաև Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշյար Զեբարիի հետ: Քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման, արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր:

Արմեն Գևորգյանը ողջունել է Իրաքի իշխանությունների` երկրի անվտանգության, կայունության պահպանման ուղղությամբ աշխատանքները և վստահություն հայտնեց, որ կայունության ճանապարհը Իրաքի ժողովրդի համար անշրջելի կդառնա: Նա նշել է, որ Հայաստանը շահագրգռված է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-իրաքյան համագործակցության զարգացման ու քաղաքական երկխոսության ծավալման հարցերում:

Հոշյար Զեբարիին տեղեկացրել է, որ Իրաքը քաղաքական դիրքորոշում ունի Հայաստանի հետ խորացնելու թե´ քաղաքական, թե´ տնտեսական հարաբերությունները, և դրա համար առկա են բոլոր պայմանները: Դրան կնպաստի նաև Հայաստանում Իրաքի դեսպանատան բացումը: Նա նաև ողջունելի է համարել Հայաստանի ավանդական բարեկամական հարաբերությունները արաբական երկրների հետ, ինչը, նրա խոսքով, լավ հիմք է ամուր փոխգործակցության համար: Նա նաև անդրադարձել է Իրաքի հայ համայնքին` նշելով, որ թեև պատերազմական տարիներին շատ իրաքահայեր լքեցին երկիրը, սակայն հիմա Իրաքը պատրաստ է սիրով ետ ընդունել նրանց:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ առաջիկա տարիները լայն հեռանկարներ են բացելու երկկողմ հարաբերությունների զարգացման համար:
Նրանք մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Փոխվարչապետն այցելել է նաև Բաղդադի միջազգային 39-րդ առևտրային ցուցահանդես, որին Հայաստանը մասնակցում է առանձին տաղավարով: Ներկայացված են շինարարության, սննդի վերամշակման, հյութերի արտադրության, էներգետիկայի ոլորտի ընկերություններ:

Պատասխանատուները տեղեկացրել են, որ հայկական արտադրանքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն իրաքցի, այլ օտարերկրյա գործընկերների շրջանում, արդեն իսկ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Բացի այդ, հայ գործարարները ներկայացրել են իրենց ներդրումային և գործարար առաջարկները:

Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանը և գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը նույնպես հանդիպումներ են ունեցել իրաքցի գործընկերների հետ, քննարկել համագործակցության հարցեր:

Մեկնաբանել