Սահմանադրական փոփոխությունները կարող են խորացնել հասարակական բևեռացումը. սահմանադրագետ

Լուսանկարում՝ սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։

Արշալույս Մղդեսյան

Ներկայիս պատմական հանգրվանում, երբ հասարակությունում խորանում է բևեռացումը, սահմանադրական փոփոխությունների գնալը կարող է ավելի խորացնել այդ բևեռացումը. ՍիվիլՆեթի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել սահմանադրական իրավունքի մասնագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արմեն Մազմանյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 19-ին հայտարարեց նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։ Ըստ Փաշինյանի՝ «Սահմանադրության ընդունման բոլոր նախորդ հանրաքվեները հասարակական ընկալման մեջ ունեցել են լեգիտիմության լուրջ պակաս»: Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսվում է դեռ 2018-ի հեղափոխությունից։ Սակայն այս խոսակցությունները ակտիվացան վերջին մեկ տարում Ադրբեջանի ճնշումների ներքո, որը խաղաղության հաստատման նախապայմանների թվում ներկայացնում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, քանի որ, ըստ Բաքվի, այն տարածքային պահանջներ է ենթադրում իր նկատմամբ։ Ադրբեջանը նկատի ունի Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, որն իր հերթին հղում է անում Խորհրդային Հայաստանի 1989-ի ընդունած որոշմանը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը վերամիավորելու մասին։

Մազմանյանը նշում է, որ Հայաստանը ներկայում «հոգևոր անկման և ծայրահեղ բևեռացման փուլում» է և նոր Սահմանադրություն ընդունելու ճիշտ պահը չէ հիմա։

Մազմանյանի խոսքով՝ համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ հաջող սահմանադրություններն ընդունվում են ազգի կամ պետության համար պատմական վճռորոշ հանգրվաններում, «հանրային ոգևորության, հոգևոր զարթոնքի պահերին»։ Որպես օրինակ նա նշում է ԱՄՆ Սահմանադրությունը, որն ընդունվել է Անկախության ձեռքբերման պատմական պահին:

«Եթե հոգևոր վերելքի կամ անկման պահի տեսանկյունից նայենք՝ մենք թերևս հոգևոր անկման կետում ենք այսօր։ Ստեղծել նոր պետության հիմքեր և գնալ նոր հանրային դաշինքի հոգևոր անկման պահին, շատ վճռորոշ քայլ է»,- նշում է նա:

Մազմանյանը հարց է բարձրացնում, թե «արդյոք մեզ հարկավո՞ր է նոր պետություն ստեղծել հոգևոր անկման ցածր կետից»։

Նա ընդգծում է, որ նոր Սահմանադրության ընդունման գնում ենք Հայաստանի պատմության մեջ ամենածայրահեղ բևեռացման պահին։ Այդպիսի պայմաններում «ամենափայլուն գաղափարն անգամ չի կարող ունենալ հանրային վստահություն»։

«Բևեռացման պահին հանրային, համաժողովրդական դաշինք չի կարող կայանալ։ Լավագույն դեպքում դա կարող է արժանանալ իշխանության կամ այդ գաղափարախոսության, գաղափարների կողմնակիցների աջակցությանը, բայց դա էլ ավելի կխորացնի հանրային բևեռացումը»,- զգուշացնում է նա:

«Սահմանադրությունը որպես հանրային դաշինք, հանրային պայմանագիր, պետք է ընդունվի կոնսենսուսային եղանակով։ Իհարկե, չի կարելի ակնկալել, որ կլինի այնպիսի կոնսենսուս, երբ բոլոր քաղաքացիները քվեարկեն դրա օգտին, բայց այստեղ կարևոր է հասարակական լայն աջակցությունը, որն այսօրվա բևեռացման պայմաններում ակնկալել պարզապես հնարավոր չէ։ Այսինքն այն ակնկալիքը, որ սա կարող է դառնալ հանրային դաշինք, պարզապես սին է»,- նշում է Արմեն Մազմանյանը:

Հանրային ուշադրությունից դուրս մնացած կարևոր հարցեր

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որի անդամ է եղել ինքը, դեռ երկու տարի առաջ կառավարությանը ներկայացրել է հայեցակարգ, որը ենթադրում էր իշխանության ներսում հակակշիռների ստեղծում, խորհրդարանական ընտրությունների հինգ տարվա ժամկետի փոխարինում չորս տարով, վարչապետի ընտրության սահմանափակում երկու ժամկետով, նախագահի ինստիտուտի հզորացում, կառավարության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ուժեղացում և այլն։

«Ենթադրում եմ՝ իշխանական գրասենյակներում խոսակցություններ են եղել, նույնիսկ տարակուսանք է եղել, թե այս ինչ են բերել, ոնց են ուզում մեր իշխանությունը, վարչապետի իշխանությունը սահմանափակել»,- նշում է Մազմանյանը։

Նա շեշտում է, որ սահմանադրությունները պետք է գրվեն վատ իշխանության կանխավարկածով, որ իշխանության չարաշահում չլինի, բռնապետություններ չառաջանան։ Մազմանյանի խոսքով՝ «Սահմանադրությունը ժողովրդի հետ քննարկելը» պոպուլիզմ է։ Պոպուլիստական դիսկուրսը, նրա խոսքով, հակաէլիտիստական է, ու այդ տրամաբանությամբ մերժվում են թե՛ քաղաքական, թե՛ մտավորական էլիտաները։

Նա նշում է, որ սահմանադրությունը պետք է քննարկվի քաղաքական էլիտաների միջև, ինչը Հայաստանի պարագայում չկա։ Դրանում ներգրավված չեն նաև պրոֆեսիոնալ, մտավորական էլիտաները. «Ո՞ւր են համալսարանները, վերլուծական ու գիտական կենտրոնները, ի՞նչ կարծիք ունեն սահմանադրության մասին»։

Տե՛ս նաև՝ Սահմանադրական փոփոխություններ. որ հարցերում և քանի անգամ փոխվեց վարչապետի դիրքորոշումը

Հայաստանում առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995-ին՝ հաստատելով կառավարման նախագահական համակարգ։ 2005-ին ընդունված Սահմանադրությամբ Հայաստանը անցավ կառավարման կիսանախագահական համակարգի։ 2015-ին ընդունված Սահմանադրությամբ Հայաստանը անցավ կառավարման խորհրդարանական համակարգի։

2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը խոստանում էր փոխել Սահմանադրությունը՝ այն անվանելով «սուպերվարչապետական»։ Հետագա իրադարձությունների և նախապատվությունների փոփոխության բոհում սահմանադրական փոփոխությունները մղվեցին երկրորդ պլան։

Արմեն Մազմանյանի հետ հարցազրույցը՝

Մեկնաբանել