Թուրքիան կընդլայնի քրդերի օրինական իրավունքները. FT

Թուրքիան մտադիր է ընդլալնել իր երկրում ապրող քրդերի օրինական իրավունքները, գրում է բրիտանական Financial Times-ը:

Պարբերականի հաղորդմամբ` Թուրքիան անհանգստացած է թուրքական բանտերում սկիզբ առած համատարած հացադուլներով և մտավախություն ունի, որ այդ ալիքը կարող է տարածվել և անկանխատեսելի հետևանքների հանգեցնել:

Մասնավորապես` թուրքական կառավարությունը մտածում է քուրդ բանտարկյալներին տրամադրել մայրենի լեզվով պաշտպանվելու հնարավորություն: Սա քուրդ բանտարկյալների հիմնական պահանջներից է, քանի որ նրանք հրաժարվում են դատական նիստերի ժամանակ թուրքերեն խոսել: Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը մտադիր է հանդիպել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության հետ`փորձելով վերջ տալ ստեղծված վիճակին:

Նշենք, որ մոտ 700 քուրդ բանտարկյալ 60 օր շարունակ հացադուլ է հայտարարել: Նրանց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս դրությունը մեծ լարվածություն է առաջացրել երկրի քրդական բնակչության շրջանում հատկապես այն բանից հետո, երբ Թուքրիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, թե բանտարկյալներն իրականում հաց են ուտում: Քրդական կուսակցությունները երթեր են կազմակերպում` իրենց աջակցությունը հայտնելով քուրդ բանտարկյալներին:

Նշենք, որ բանտարկյալների պահանջներից մեկն է ազատ արձակել Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, որը բանտարկված է Իմրալը կղզում:

Մեկնաբանել