Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող 23 հայ ռազմագերիների, պատանդների և այլ անձանց «դատավարությունների» տեսանյութերի ու լուսանկարների վերաբերյալ: Մտահոգիչ է նաև հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների հրապարակած տեղեկությունները, որոնք վկայում են կալանավորների նկատմամբ ճնշումների, խոշտանգումների և առողջական վիճակի վատթարացման մասին:
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ դիվանագիտական գերատեսչությունը շարունակում է միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա:
«Այդպիսի գործելաոճի մասին են վկայում նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից արտահայտված մտահոգությունները, «Human Rights Watch»-ի և այլ կազմակերպությունների կողմից փաստագրված՝ հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային կառույցների, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի հետ համակարգված համագործակցությունից խուսափումը: Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ»,- ասված է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ նաև ասվում է, որ հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա կողմից ստանձնած հանձնառությունների և միջազգային պարտավորությունների: Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում. համապատասխան միջազգային բազմակողմ փաստաթղթերի պարզ թվարկումը ներառում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիան, Ժնևի IV կոնվենցիան (1949 թ.), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանություններն այս դատական բեմականացումն օգտագործում են որպես Հայաստանի Հանրապետության վրա քաղաքական ճնշումների և հասարակության շրջանում մանիպուլյացիայի գործիք՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը յուրաքանչյուր ընտանիքի անդամի և ողջ հասարակության համար»,-ասված է հայտարարության մեջ։
Նախարարությունը շեշտել է այն հանգամանքը, որ այս գործընթացներն ընթանում են ադրբեջանական լրատվամիջոցներում հայերի դեմ էթնիկ ատելության շարունակական քարոզչության պայմաններում:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ առաջին հերթին՝ ցանկացած հակամարտության ամբողջական կարգավորում ներառում է ժողովուրդների պատրաստումը խաղաղության, իսկ չլուծված մարդասիրական խնդիրների հավելյալ ու արհեստական ձգձգումն առնվազն չի ծառայում այդ նպատակին և միայն նվազեցնում է դրա հավանականությունը: Այս գիտակցումը բազմիցս է ընդգծվել Ադրբեջանի հետ քննարկումների ընթացքում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, գործընկերների ու կառույցների կողմից: Ակնկալում ենք, որ Ադրբեջանի իշխանությունների ընկալումներում ևս այն կգերակայի թշնամանքի շարունակական սնուցման ու կարճաժամկետ հաշվարկների նկատմամբ:
Հարցի վերջնական հասցեագրման մերժման պայմաններում Հայաստանը չի կարող անմասն և անտարբեր մնալ, ուստի շարունակելու է այն բարձրացնել տարբեր հարթաներում և ձևաչափերով՝ ակնկալելով լուծումներ և դրական առաջընթաց: