Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
«Հրապարակ» օրաթերթը փետրվարի 28-ին «Անդրանիկ Քոչարյանը ստո՞ւմ է» վերնագրով հոդված է հրապարակել, որում կասկածի տակ է դրել Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ ԱԺ-ում անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ հունվարի 30-ին տեղի ունեցած փակ լսումներից հետո ծնողներ են եղել, որ վերցրել են իրենց զավակների մասունքներն ու հուղարկավորել:
«Հրապարակ» օրաթերթը խոսել է մեկ այլ անհետ կորածի ծնողի հետ, որը նշել էր, թե չի ճանաչում նման ծնողի։
«Օրեր առաջ Ֆեյսբուքի մի անհայտ էջում կարդացել է` իբր 2 եղբայրների մասունքներ են նույնականացվել, բայց եթե դա ճիշտ լիներ, կիմանային՝ իրար «աչքալուսանք» կտային»,- հղում անելով ծնողին՝ գրել է «Հրապարակը»։
Հոդվածն արտատպել են pastinfo.am, news.am, yerevan.today, yerkir.am, 24news.am, tert.am և այլ լրատվամիջոցները։
Քոչարյանի հայտարարությունն ու «Հրապարակի» հիմնավորումները
Անդրադառնալով անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ լսմանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մասնավորապես, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է․ «Ասեմ ձեզ՝ քննարկումից, լսումներից հետո եղել են ծնողներ, որոնք նույնականացման արդյունքում իրենց զավակների մասունքները վերցրել են և հուղարկավորել են։ Դա արդյունք չի՞, կարծում եմ՝ արդյունք է»։
Լրագրողի ճշգրտող հարցին, թե նման քանի դեպք է եղել, Քոչարյանը պատասխանել է. «Ես երկուսը հաստատ գիտեմ, բայց գիտեմ, որ մեկ-երկուսը կարող է ավելի լինել»։
«Հրապարակ» օրաթերթը խոսել է անհետ կորածի ծնող Հռիփսիմե Հակոբյանի հետ, որն իր հերթին ասել է, թե իրենց ծնողների շրջանում չի ճանաչում նման մեկին։
«Եթե լիներ, կճանաչեի, որի երեխայի մասունքը տվել են։ Իրենք ստախոս են»,- ասել է անհետ կորածի ծնողը։
Ովքե՞ր են երկու զինծառայողները, որոնց մասունքները վերջերս հուղարկավորել են
Երկու եղբայրների մասունքների նույնականացման վերաբերյալ վերջերս հոդված է հրապարակվել ոչ թե անհայտ ֆեյսբուքյան էջում, այլ մի շարք լրատվական կայքերում։
Yerkir.am-ը, iravaban.net-ը, news.am-ը, armlife.am-ը և այլ կայքեր փետրվարի 15-ից գրել էին, որ պատերազմից 5 տարի անց գտնվել և հողին են հանձնվել սիսիանցի եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները։
News.am-ը նաև լուսաբանել էր հուղարկավորությունը։
Սիսիանի համայնքապետարանը ևս իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել 44-օրյա պատերազմում զոհված եղբայրների հոգեհանգստի վերաբերյալ։

Զոհված եղբայրներից ավագը՝ Գևորգը, սպա է եղել, Գոռը՝ պայմանագրային զինծառայող։ Եղբայրները զոհվել են Մարտունիի շրջանի Կարմիր շուկայում, անօդաչու թռչող սարքի հարվածից։
Առողջապահության նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ մարմինների, մասունքների ԴՆԹ հետազոտման, նույնականացման գործընթացն ամբողջութամբ ավարտվել է 2021-ին՝ ներառյալ կրկնակի փորձաքննությունները և արտերկիր փորձաքննության համար ուղարկված մասունքները։
Սակայն որոշ դեպքերում ծնողներն իրենց մեջ ուժ չեն գտնում հուղարկավորելու կամ հավատալու։ Ըստ նախարարության՝ այս դեպքում ևս նույնականացումն ավելի վաղ է արվել, սակայն հուղարկավորությունը վերջերս է եղել։
Զոհված զինծառայողների ընտանիքից չցանկացան խոսել այս թեմայով, ուստի հայտնի չէ՝ ընտանիքը ԱԺ լսումների արդյունքում է նման որոշման եկել, թե ոչ։
Եվ թեև «Հրապարակ» օրաթերթը կասկածի տակ է դրել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, սիսիանցի եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մասունքների նույնականացման և հուղարկավորության փաստը հաստատվում է բազմաթիվ լրատվամիջոցների և պաշտոնական աղբյուրների կողմից: