Եվրամիությունից ելքը չի համապատասխանում Բրիտանիայի շահերին․ Մերկել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ու Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը երեկ Լոնդոնում քննարկել են Եվրամիության բյուջեի վիճելի խնդիրը, որը սպառնում է պառակտում առաջացնել Բրիտանիայի և մայրցամաքային Եվրոպայի միջև։

«Մենք երկուսս էլ ենթադրում ենք, որ եվրոպական երկրները, ինչպես նաև Եվրամիությունը պետք է ապրեն միջոցներով,- հայտարարել է Քեմերոնը։ – Ես կարծում եմ, որ սխալ կլինի, եթե եվրոպական բյուջեն մեծացվի այն ժամանակ, երբ մենք կայացնում ենք բալասնավորված բյուջեի հասնելու ոչ հեշտ որոշումներ, և դա տեղի է ունենում ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ Եվրոպայում։ Ահա թե ինչու եմ ես կարծում, որ լավագույն դեպքում բյուջեն պետք է կրճատվի, իսկ վատագույն դեպքում՝ սառեցվի»։

Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիության բյուջեի միջոցները պետք է արդյունավետ օգտագործվեն։ Ընդ որում՝ Գերմանիայի կառավարության ղեկավարը Մեծ Բրիտանիային նախազգուշացրել է, որ Եվրամիությունից ելքը չի համապատասխանում Լոնդոնի շահերին։ «Կարծում եմ՝ դուք միանգամայն լավ կարող եք ապրել կղզում,- ասել է բրիտանացիներին Մերկելը։ – Սակայն միայնությունը ձեզ ավելի երջանիկ չի դարձնի»։

Տվյալ խնդրի շուրջ խոր տարաձայնությունները հանգեցրել են ԵՄ անդամ երկրների սահմանազատմանը երեք խմբի։ Առաջինը՝ կազմված Արևելյան և Հարավային Եվրոպայի 15 երկրներից, աջակցում է Եվրահանձնաժողովի առաջարկին՝ կազմել յոթ տարվա բյուջե ԵՄ ընդհանուր ՀՆԱ-ի 1,08%-ի ծավալով (€1 տրլն)։ Գերմանիան, որն ընդհանուր առմամբ աջակցում է Ֆրանսիային ու Իտալիային, առաջարկում է բյուջեն սահմանափակել ՀՆԱ-ի 1%-ի ծավալով (մոտ €960 մլրդ)։ Մեծ Բրիտանիան պահանջում է ավելի խիստ կրճատումներ՝ համարելով, որ Եվրամիության յոթ տարվա բյուջեն չպետք է գերազանցի €900 մլրդ-ը։ Լոնդոնի հետ ընդհանուր առմամբ համամիտ են Նիդեռլանդները, Շվեդիան, Ֆինլանդիան, Չեխիան։

Քեմերոնի կառավարությունն իրականացնում է բյուջետային միջոցների կրճատումների քաղաքականություն, այդ իսկ պատճառով էլ Լոնդոնն ամբողջ ուժով ձգտում է կանխել երկրի մուտքերի ավելացումը եվրոպական կառույցներ։

ԵՄ բյուջեի հարցը քննարկվելու է Եվրամիության՝ Բրյուսելում նոյեմբերի 22-23-ին կայանալիք գագաթաժողովում։ Քեմերոնը սառնում է վետո կիրառել ԵՄ գալիք գագաթաժողովի ցանկացած որոշման նկատմամբ, որը կնախատեսի բյուջեի՝ Լոնդոնի համար թույլատրելի սահմանը գերազանցող մեծացում։ Մերկելն իր հերթին հայտարարել էր, որ պատրաստ է հետաձգել հանդիպումը, եթե Մեծ Բրիտանիան համառի և փոխզիջման չգնա։

Կանցլերի խիստ նախազգուշացումից հետո Լոնդոնը Բեռլինին տեղեկացրել է «միասնական բյուջեի խնդրի քննարկման ժամանակ ճկունություն դրսևորելու պատրաստակամության մասին»։