Հայտնի է՝ երբ կավարտվի Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնումը

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարվա մայիսին։ Այդ մասին հայտնի դարձավ Երևանի քաղաքապետարանի մարտի 3-ի նիստին։
Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը փլուզվեց 2022-ի մայիսի 20-ին։ Քաղաքապետարանը խոստացավ, որ արագ կվերականգնի փլուզված մասը։ Նախնական վարկածն այն էր, որ փլուզմանը կարող էր նպաստած լինել այդ հատվածով անցնող անձրևատարի տեխնիկական անսարքությունը:
2022-ի մայիսի 27-ին քաղաքային իշխանությունը պնդեց, որ «Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը»։
Նույն տարվա հունիսին քաղաղաքապետարանը հայտնեց, թե «Lենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցումը մտել է վերջնական փուլ»։
Հուլիսի 11-ին քաղաքային իշխանությունը FIP-ին վստահեցրեց, որ ճանապարհն ամբողջությամբ կվերականգնվի երկու ամսվա ընթացքում։
2022-ի հուլիսի 22-ին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը փլուզված հատվածում ստուգումներ էր իրականացրել, ինչի արդյունքում հայտնել էր, թե «Սահակյանշին» ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել է համաձայնեցված աշխատանքային նախագծից կոպիտ շեղումներով, որի պատճառով տեղի է ունեցել խճուղու մի հատվածի փլուզում։
«Սահակյանշին»-ից պնդել էր, որ փլուզման պատճառը տեղատարափ անձրևները և նախկինում անորակ նյութերով ճանապարհի լայնացում իրականացնելն է եղել։
Թեմա
Civilnet










