«Չանախ»-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ. տուգանվել է 59 ընկերություն

Հայաստանում 59 պանիր արտադրող կտուգանվի «Չանախ» տեսակի պանրում աղիքային ցուպիկի առկայության պատճառով: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: 

Տուգանքը յուրաքանչյուր արտադրողի համար կկազմի 450-հազարական դրամ:  Խախտողների ցուցակը կհրապարակվի մոտ ապագայում:

Բախչագուլյանի խոսքով` ստուգման արդյուքնում ոչնչացվել է շուրջ 5,5 տ պանիր, իսկ խախտումներ թույլ տված ընկերություններն ընդհանուր առմամբ ենթարկվել են 10 մլն 450 հազար դրամ վարչական տուգանքի: 59-ից 18 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունն արգելվել է:

Բախչագուլյանն ընդգծեց, որ այս արգելքը վերաբերում է  միայն «Չանախ» պանրին: «Մնացած արտադրանքներն ընկերությունները կարող են արտադրել առանց սահմանափակումների»,- նշեց նա:

Հարցին, թե տնտեսվարող սուբյեկտների պնդմամբ` խանութներում կարող է գործարանայինի անվան տակ և նման փաթեթավորմամբ նաև  գյուղական պանիր վաճառվել, Բախչագուլյանը պատասխանեց, որ համաձայն գործող օրենսդրության՝ տեսչությունն լիազորված էր ստուգել միայն գրանցված տնտեսվարող սուբյեկտների արտադրանքը:

«Մենք գիտենք, որ կան նաև չգրանցված արտադրողներ, բայց տվյալ ստուգման շրջանակում մեր լիազորությունները մեզ թույլ չեն տալիս ինչ-որ քայլ ձեռնարկել. մենք արտադրանքն ենք ստուգել, ոչ թե իրացումը»,- նշեց նա: