ԱԳՆ յուրաքանչյուր պաշտոնյա ԵՄ մարմինների հետ շփման ընթացքում գերիների հարցը պահում է օրակարգում։ Կոնկրետ գործողություններ գոհացուցիչ չեն, բայց պետք է շարունակել աշխատանքը։ Այս մասին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, և այդ առումով մեր աշխատանքները բոլոր անդամ երկրների հետ շարունակվում են։ Անցյալում ունեցել ենք լավ օրինակներ ԵՄ անդամ երկրների հետ, թե Հունգարիան, թե Ֆրանսիան»,- ասել է Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին՝ արդյոք վերջերս ԵՄ-ի հետ աշխատանքային շփումների ժամանակ բարձրացվել է Բաքվում պահվող հայ գերիների խնդիրը։
Ընդդիմադիր ուժերը մշտապես դժգոհություն են հայտնում, որ իշխանությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկում Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Ինչպես նաև համարժեք չեն արձագանքում՝ ընդդեմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ դատական ֆարսի։
Բաքուն հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը՝ չնայած հայկական կողմը փաստական տվյալներ ունի, որ Բաքուն պահում է ևս 32 հայ գերու։
2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ռազմական դատարանի առջև նրանցից բացի կանգնած է ևս ութ հոգի։