Բախումներ թուրք-սիրիական սահմանին

Սիրիայի Ռաս ուլ Այն և Թուրքիայի Ուրֆա շրջանների հատվածում կռիվներ են սկսվել Սիրիայի Ազատ բանակի և նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների միջև, հաղորդում է քրդական Firat գործակալությունը:

Նշվում է, որ թուրք-սիրիական սահմանի այս հատվածում բախումները սկսվել են նոյեմբերի 7-ից, և բազմաթիվ զոհեր են եղել: Թուրքական Milliyet-ը հաղորդում է, որ բախումներին մասնակցել են նաև քրդական ջոկատները:

Միևնույն աղբյուրի տեղեկացմամբ` թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցող բախումների հետևանքով Ուրֆայի որոշ շրջաններում անվտանգության պահանջներից ելնելով փակվել են դպրոցները:

Hurriyet-ն էլ հաղորդում է, որ Սիրիայի սահմանից եկող ռումբի և կրակոցների ձայները մեծ խուճապ են առաջացրել Ուրֆայի Ջեյլափընար շրջանում:

Ուշագրավ է, որ այժմ թուրքական և միջազգային մամուլում շատ է խոսվում այն մասին, որ  Թուրքիան Սիրիայի սահմանին Patriot տիպի հրթիռներ է տեղակայելու: Թուրքիան իր այս քայլը փորձում է պատճառաբանել թուրք-սիրիական սահմանի անկայունությամբ: