Ֆիրմային անվանումները կգրանցեն` պատիվն ու արժանապատվությունը չստվերելու պայմանով

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները, ՀՀ վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը՝ նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, օգտագործման կարգը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ուժը կորցրած է ճանաչվել «Ֆիրմային անվանումներում թույլտվություն պահանջող անունների ու անվանումների օգտագործման և ապրանքային նշանների մեջ թույլտվություն պահանջող անունների, դիմանկարների և ֆաքսիմիլեների օգտագործման կարգերը հաստատելու մասին» 2000թ. հունիսի 7-ի որոշումը, քանի որ այն բխում է «Ֆիրմային անվանումների մասին» և «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքների դրույթներից, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել:

Ընդունվելիք նոր կարգով, մասնավորապես, սահմանվում է, որ ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անուններում «հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները կարող են օգտագործվել միայն ֆիրմային անվանման գրանցման հայտի հիման վրա, որին կից պետք է ներկայացվի սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը և հավաստագիրը:

Այդ բառերը ֆիրմային անվանումներում կարող են օգտագործվել առանց նախատեսված պետական տուրքի վճարման, եթե դա պայմանավորված է տվյալ իրավաբանական անձի ֆիրմային անվանման մեջ նրա հիմնադրի անվանման օգտագործման անհրաժեշտությամբ:

Հավաստագրի առկայությունը պարտադիր է նաև ֆիրմային անվանումների տարբերակող նշանակության անվան մեջ ՀՀ վարչատարածքային միավորների անվանումներ, ինչպես նաև հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը օգտագործելու դեպքում:

Հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը՝ նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, ֆիրմային անվանման մեջ կարող է օգտագործվել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված թույլտվության հիման վրա, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է տվյալ իրավաբանական անձի գործունեության հիմնական ոլորտին:

Հավաստագրով անձը պարտավորվում է, որ գրանցվող ֆիրմային անվանումը «չի օգտագործվի ի վնաս հասարակության շահերի, մարդասիրության և բարոյականության սկզբունքների, հոգևոր կամ մշակութային ժառանգություն համարվող խորհրդանիշների, չի ստվերի որևիցե մեկի պատիվը, հեղինակությունը, համբավը, արժանապատվությունը»:

Մեկնաբանել