Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա»,- գրել է Կոստանյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյան անցնում է նույն քրեական գործով, ինչ՝ նախորդ ամիս ձերբակալված պաշտոնյաները։

Օհանջանյանը հաստատեց տեղեկությունը, որ ձերբակալվածը քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանն է։

Փետրվարին Երևանի քաղաքապետարանի 7 պաշտոնյա էր ձերբակալվել, որոնցից 4-ը կալանավորվել են։ Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու մեջ:

Մեկնաբանել