Նոր ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2013թ. հուլիսի 1-ը

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը լրագրողներին այսօր ներկայացրել է կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Միրումյանի խոսքով` նախագծով առաջարկվում է նոր հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամանակացույցը հետաձգել 2013թ. հունվարի 1-ից` վերջնաժամկետ սահմանելով մինչև 2013թ. հուլիսի 1-ը:

«Ինչպես արդեն տեղյակ եք, նոր տեխնիկական չափանիշներով հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը գործող օրենքով պարտադիր է 2013թ. հունվարի 1-ից: Սակայն, որպեսզի գործընթացն ավելի սահուն կազմակերպվի և մեր տնտեսվարող սուբյեկտները ժամանակային առումով խնդիրներ չունենան հսկիչ դրամարկղային մեքենաներ ձեռք բերելու և ներդնելու հետ կապված, նախատեսվեց վերջնաժամկետ սահմանել 2013թ. հուլիսի 1-ը»,- ասել է ՊԵԿ-ի նախագահի տեղակալը: Նա նշել է նաև, որ դա վերաբերվելու է նախորդ տարվա արդյունքներով 500 մլն դրամ և ավելի իրացման հասույթ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին: Իսկ իրացման շրջանառության ավելի փոքր ծավալ ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման վերջնաժամկետ է սահմանվելու մինչև 2015թ. հունվարի 1-ը:

Անդրադառնալով ոլորտին առնվող մեկ այլ որոշմանը` Վ.Միրումյանը տեղեկացրել է, որ այդ նախագծով առաջարկվում է ստեղծել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որի կառավարման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը։ Ըստ նրա` կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մենքենաների ներդրման և դրանց տեխնիկական սպասարկման կազմակերպումն է:

Մեկնաբանել