«Նախ վճարել, հետո բողոքարկել». իրական փաստերն օրենքի նոր նախագծի մասին

Հայկ Հովհաննիսյան, #CivilnetCheck

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը 2025-ի մարտի 3-ին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, թե Արդարադատության նախարարության ներկայացրած նոր օրենքի նախագծով քաղաքացիներին և ձեռնարկատերերին պարտադրվում է նախ վճարել վարչական ակտով նշանակված տուգանքը և միայն հետո բողոքարկել այն։

«Ստացվում է, մի հարկային տեսուչ կարող է բիզնեսին ապօրինի կերպով տուգանել 100 մլն, 1 մլրդ և այլն դրամով, բիզնեսը պետք է վճարի տուգանքը, մարի հարկային պարտավորությունը, նոր միայն բողոքարկի ՀՀ Վարչական դատարան, որտեղ գործի քննությունը կարող է տևել 4-5 տարի»,- գրել է Սարգսյանը։

Այս գրառումը արտատպել և տարածել են Yerevan.today, Lurer.com, 5-րդ ալիք և մի շարք այլ լրատվական կայքեր։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է նախագծի բովանդակությունը և պարզել, որ տարածված պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

Ինչ է նախատեսում օրենքի նախագիծը

Արդարադատության նախարարությունը փետրվարի 27-ին e-draft.am կայքում հրապարակել է «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծը, որը հանրային քննարկման կմնա մինչև մարտի 14-ը։ Ներկայում այն ստացել է շուրջ 193 դեմ և միայն 6 կողմ ձայն։

Նախագծով ուժը կորցրած է ճանաչվում Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը սահմանում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները։ Ներկայիս կարգավորմամբ վիճարկման հայցը վարույթ ընդունելը ինքնաբերաբար կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը։

Սակայն փոփոխություններով ոչ թե սահմանվում է տուգանքը նախապես վճարելու պարտավորություն, այլ փոխվում է վարչական ակտերի կասեցման կարգը։ Ներկայիս ավտոմատ կասեցման փոխարեն ներդրվում է հայցի ապահովման մեխանիզմ, որով դատավորն է որոշում կայացնում վարչական ակտի կասեցման վերաբերյալ։

Ըստ նախագծի՝ քաղաքացին կամ բիզնեսը, երբ դատարան է դիմում վարչական ակտը չեղարկելու պահանջով, կարող է միաժամանակ միջնորդել դատարանին կասեցնել այդ ակտի գործողությունը մինչև գործի վերջնական լուծումը: Դատարանը պարտավոր է այս պահանջը քննարկել և որոշում կայացնել երկու օրվա ընթացքում՝ գործը վարույթ ընդունելիս։

Այսինքն՝ գործի քննության սկզբում դատավորն է որոշում, թե արդյոք վարչական ակտը պետք է կասեցվի մինչև գործի դատական քննության ավարտը, մինչդեռ գործող կարգավորումներով վարչական ակտն ավտոմատ կասեցվում էր հայցը վարույթ ընդունելու պահից։

Այսպիսով, դատարանը կարող է կիրառել ապահովման միջոց և կասեցնել ակտը, եթե հայցվորը հիմնավորել է, որ վարչական ակտը անհապաղ կատարման ենթակա լինելու վերաբերյալ վարչական մարմնի հիմնավորումը բավարար չէ։

Տուգանքը պետբյուջե վճարելու անհապաղության պահանջը վարչական մարմինը պետք է կարողանա համոզիչ հիմնավորել:

Փոփոխությունների նպատակը

vԸստ նախագծի հիմնավորման՝ գործող օրենքում վարչական ակտերը սովորաբար ավտոմատ կասեցվում էին բողոքարկման դեպքում: Սակայն ժամանակի ընթացքում օրենքում ավելացվել են բազմաթիվ բացառություններ, երբ ակտերը չեն կասեցվում: Այս բացառություններն այնքան շատ են դարձել, որ իրականում սկզբնական կանոնը (ավտոմատ կասեցումը) արդեն բացառություն է դարձել:

Բացի այդ, նշվում է, թե գործող համակարգում որոշ տնտեսվարողներ չարաշահում էին վարչական ակտի կասեցման մեխանիզմը՝ միանգամից բողոքարկելով վարչական ակտերը դատարանում և վարույթ ընդունվելուց հետո ձգձգում դատական գործընթացը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նման մոտեցում արդեն կիրառվում է եվրոպական երկրներումմի շարք, ինչպիսիք են՝ Էստոնիան, Մոլդովան, Ուկրաինան, Գերմանիան և Բուլղարիան:

Այսպիսով, վարչական ակտերի կասեցումը պահպանվում է նոր համակարգում, սակայն կիրականացվի դատարանի կողմից հայցի ապահովման մեխանիզմով, իսկ Նաիրի Սարգսյանի պնդումը, թե պետք է լինելու նախ վճարել տուգանքը և հետո միայն բողոքարկել, մոլորեցնող է։

  • Հարգելի հեղինակ
    Բավականին լուրջ և վիճահարույց օրենսդրական փոփոխություն է առաջարկվում, ընդ որում առանց լուրջ հիմնավորումների, որովհետև այս կամ այն երկրի օրենսդրությունը դեռևս չի նշանակում լավագույն փորձ, քանի որ նման բան ասելու համար տվյալ երկկրի իրավական համակարգին պետք է ծանոթ լինել, ոչ թե հատվածաբար մի օրենք: Հաշվապահական առումով Ձեր եզրահանգումը ճիշտ չէ, իսկ Իրավաբանական ասպեկտով մակերեսային եք նայել:

Մեկնաբանել