Առաքել Առաքելյանի ցուցահանդեսը կբացվի Նկարչի տանը

Նոյեմբերի 13-ին Նկարիչների միության երկրորդ հարկի սրահում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ  Առաքել Առաքելյանի անհատական ցուցահանդեսը, որը գեղանկարչի ընտանիքը նվիրում է նրա 85-ամյակին:

Ցուցահանդեսին կներկայացվեն նկարչի տարբեր տարիների աշխատանքները:

Առաքել Առաքելյանը ճանաչված գեղանկարիչ Սեդրակ Առաքելյանի որդին է: Հայրը նշանավոր կոլորիստ էր, նույնը կարելի է ասել որդու մասին: Ցուցահանդեսի համար նկարչի ընտանիքի անդամները հավաքել են նրա կտավները Հայաստանի մարզերի թանգարաններից և մասնավոր հավաքածուներից, ինչպես նաև Ազգային պատկերասրահից: Նկարչի տանը կներկայացվեն Առաքելյանի եղեգնաձորյան շարքը, եկեղեցիների շարքը, ձմեռային պատկերներն ու ժանրային ուրվապատկերները՝ մոտ 60 կտավ:  

Առաքելյանի սիրելի շարքերից մեկը՝ արագիլները, կներկայացվի միայն մեկ կտավով: Ինչպես ասում է նկարչի կինը` Էսմա Առաքելյանը, նա հեշտորեն էր բաժանվում իր աշխատանքներից և այժմ գրեթե անհնար է դրանցից շատերը գտնել:  

Սա բնանկարչի ստեղծագործական կյանքին նվիրված առաջին ցուցադրությունն է  լինելու: Ինչպես պատմեց տիկին Էսման՝ ամուսինը, չափազանց համեստ մարդ լինելով, չի ցանկացել կյանքի օրոք անհատական ցուցահանդես կազմակերպել: «Միշտ ասում էր` որպեսզի անհատական ցուցահանդես բացեմ, պիտի մի երկու-երեք տարի անընդմեջ աշխատեմ: Չէր կարծում, որ մինչ այդ պահը ստեղծած նկարներն իր գագաթնակետն են»: