Ես արևմտյան խամաճիկ չեմ, ես պետք է ապրեմ և մեռնեմ Սիրիայում․ Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հարցազրույց է տվել ռուսական Russia Today հեռուստաալիքին, որում հայտարարել է, որ չի պատրաստվում լքել երկիրը։

«Ես խամաճիկ չեմ։ Ես Արևուտքի «արտադրանքը» չեմ, որ գնամ Արևմուտք կամ որևէ այլ երկիր,- ասել Ասադը։ – Ես սիրիացի եմ, ես «արտադրվել» եմ Սիրիայում, ես պետք է ապրեմ Սիրիայում և մեռնեմ Սիրիայում»։

Նա նաև ասել է, որ չի կարծում, թե Արևմուտքի երկրները ռազմական ուժ կկիրառեն սիրիական ճգնաժամում, սակայն հավելել է, որ Սիրիայում ցանկացած արտաքին ինտերվենցիա չափազանց թանկ կնստի նրա մասնակիցների վրա, իսկ հետևանքները կզգացվեն «Ատլանտյանից մինչև խաղաղ օվկիանոս»։

«Չեմ կարծում, թե Արևմուտքը պատրաստվում է ինտերվենցիայի, սակայն եթե նրանք դա անեն, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի հաջորդը,- նշել է Սիրիայի նախագահը։ – Կարծում եմ՝ այդ [արտաքին] ներխուժման գինը, եթե այն տեղի ունենա, կլինի ավելին, քան ամբողջ աշխարհը կարող է պատկերացնել։ Մենք աշխարհիկության և կայունության ու համագոյակցության վերջին հենակետն ենք տարածաշրջանում, այսպես ասենք՝ այն կունենա դոմինոյի էֆեկտ և կազդի աշխարհի վրա՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս»։

Բաշար ալ Ասադի հետ հարցազրույցն ամբողջությմաբ Russia Today-ով ցուցադրվելու է վաղը։