Նոր կուսակցություն Հայաստանի քաղաքական դաշտում

Հայաստանի քաղաքական դաշտն առաջիկայում կհամալրվի նոր՝ «Առաքելություն» կուսակցությամբ, որը շուտով կստեղծի սկզբնական տարածքային կառույցներ, ապա կհրավիրի հիմնադիր համագումար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են նախաձեռնող խմբի անդամները` Ազատ Թովմասյանը, Գարեգին Մուրադյանը, Էդուարդ Տերտերյանը, Հակոբ Մանուկյանը, Հրաչյա Սարգսյանը, Մարինե Եփրեմյանը, Մեսրոպ Առաքելյանը, Վահե Հովհաննիսյանը, Մանուկ Սուքիասյանը:

Երիտասարդների խոսքով` իրենց միավորել են սահմանադրության և տարրական իրավունքների ոտնահարումը, ժողովրդավարության ամենօրյա խեղաթյուրումը, արտագաղթն ու դեմոգրաֆիական աղետը: Մանուկ Սուքիասյանի հավելմամբ՝ այս երևույթների առաջն առնելու գործում իր առաքելությունն ունի նաև ՀՀ քաղաքացին:

Որպես այդպիսին «Առաքելության» անդամները ոչ արևմտամետ են, ոչ ռուսամետ, հետապնդում են բացառապես ՀՀ պետական շահը և ազատ խոսքի, ազատ շուկայական արժեքների հիման վրա սոցիալական պետության գաղափարը:

Առաջիկա նախագահական ընտրություններին այս քաղաքական ուժն իր մասնակցության ձևաչափը դեռ չի որոշել, այսինքն՝ որևէ մեկին չեն առաջադրելու, ինչ վերաբերում է, թե ում են սատարելու, ապա սա թողնված է ապագային: 

Նշենք, որ Մանուկ Սուքիասյանը ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Այլընտրանք» նախաձեռնության անդամ է եղել: