Վարկավորման նոր հարթակ բորսայում

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ներդրվում է առևտրային նոր հարթակ, որը բանկերին հնարավորություն կտա միմյանց վարկավորել և չօգտվել Կենտրոնական բանկի ծառայություններից։ Բորսայում բանկերը կկարողանան ոչ միայն մեկօրյա վարկեր ստանալ, այլև մեկշաբաթյա։

Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հայտարարվեց ժամկետային վարկային ռեսուրսների հարթակի գործարկման մասին: Հարթակի գործարկման միջոցառմանը բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանն ասաց, որ նոր հարթակում կկազմակերպի 7 օր ժամկետայնությամբ միջբանկային վարկային գործարքների կնքման գործընթաց:

2013թ. նախատեսվում է համալրել այս հարթակի գործիքակազմը նոր` երկարաժամկետ և կարճաժամկետ վարկային ռեսուրսներով՝ շուկայի մասնակիցներին առաջարկելով դրամական շուկայի գործիքների լայն շրջանակ, որը ներկայում ներառում է նաև 2010թ. ապրիլից սպասարկվող օվերնայթ վարկային ռեսուրսների հարթակը:

«Սա ևս մեկ կարևոր քայլ է բորսայական ծառայությունների ընդլայնման և նոր ֆինանսական գործիքներ շուկային առաջարկելու գործում: Ներկայում մենք արդեն ապահովում ենք բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, ռեպո պայմանագրերի, օվերնայթ վարկերի և ժամկետային վարկային ռեսուրսների առևտուրը և քլիրինգը»,- ասաց Կոնստանտին Սարոյանը:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանի խոսքով` ակնկալվում է, որ ժամկետային վարկային ռեսուրսների հարթակը կդառնա Բորսայի կողմից կազմակերպվող ամենամեծ շուկաներից մեկը: Օվերնայթ վարկային ռեսուրսների հարթակի հետ մեկտեղ այն կստեղծի ակտիվների առավել արդյունավետ և ճկուն կառավարման հնարավորություններ, ինչպես նաև կնպաստի կարճաժամկետ վարկային տոկոսադրույքների արդար և թափանցիկ գնագոյացմանը:

«Ժամկետային վարկային ռեսուրսների հարթակն իր էությամբ բացառիկ է ֆինանսական շուկաների համար, քանի որ համատեղում է անանուն երկկողմանի աճուրդը և գրավի կենտրոնացված կառավարումը, որի ամբողջ գործընթացը ղեկավարվում է բարդ ծրագրային համակարգերի միջոցով: Մեր թիմի կատարած աշխատանքի շնորհիվ այսօր մենք շուկային առաջարկում ենք նորարարական լուծումներով սկզբունքորեն նոր ֆինանսական գործիք»,- նշեց նա։

Ըստ նրա՝ վարկերի գրավի առարկա է հանդիսանալու պետական պարտատոմսերը, իսկ վարկավորման տոկոսադրույքները կտատանվեն Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվողմիջոցների տոկոսադրույքի (ներկայումս 6,5%) և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի ( 9,5%) միջակայքում։:

Ժամկետային վարկային ռեսուրսների հարթակում առևտրին մասնակցելու են առևտրային բանկերը: Առևտրային նստաշրջաններն անցկացվելու են ամեն աշխատանքային օր` 11:00-ից մինչև 13:00-ը: Առևտրային նստաշրջանի փակմանը հաջորդող տասը րոպեների ընթացքում կանցկացվի հետառևտրային նստաշրջան, որի ընթացքում շուկայի մասնակիցները հնարավորություն կունենան վարկային ռեսուրսներ տրամադրել և ստանալ տվյալ առևտրային օրվա ընթացքում ձևավորված միջին կշռված տոկոսադրույքով:

Մեկնաբանել