Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է ներկայացրել պաշտոնից

Լիա Ավագյան
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։
ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ կառավարության աշխատակազմից տեղեկացրել են, որ «Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ սեփական դիմումի համաձայն ազատվելու է պաշտոնից»։ Պատասխանում նաև նշվում է, որ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ամբողջ աշխատակազմն է աշխատանքից ազատման դիմում գրել, չի համապատասխանում իրականությանը։
Կիրակոսյանի պաշտոնաթողության պատճառների մասին չի նշվում։
Կիրակոսյանը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ղեկավարում էր այդ կառույցի ստեղծման պահից՝ 2020-ի օգոստոսից։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ստեղծվել էր՝ ապահովելու Հայաստանի շահերի պաշտպանությունը միջազգային դատական ատյաններում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Կիրակոսյանը, նախքան գրասենյակի ղեկավար նշանակվելը, 2018-ի նոյեմբերից Հայաստանը ներկայացնում էր ՄԻԵԴ-ում։
Փաշինյանը պատրաստ է փոխադարձաբար հրաժարվել Ադրբեջանի դեմ հայցերից
Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի հրաժարականը տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային ատյաններում Ադրբեջանի հայցերից փոխադարձաբար հրաժարվելու հայտարարությունների ֆոնին։ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ճանապարհին կողմերը կարող են հրաժարվել միմյանց նկատմամբ հայցերից։ 2024-ի նոյեմբերի 22-ին Հանրաին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ իրական խաղաղության հասնելու հնարավարության պարագայում Հայաստանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերից։ Փաշինյանի հայտարարությունից մոտ երկու շաբաթ անց՝ 2024-ի դեկտեմբերի 9-ին, Եղիշե Կիրակոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ «Հայաստանն այս պահին միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կանչելու որոշում չունի»։
«Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի, որ կմեկնաբանեմ։ Ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ մեկնաբանություններից։ Այս պահին նման հարց չկա դրված։ Շարունակվում է մեր հայցերի քննությունը, շարունակվում են ընթացակարգային քայլերը, որոնք անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար»,- ասել էր Կիրակոսյանը։
Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ դատական հայցերից հրաժարվելու, Ղարաբաղյան կարգավորման երեք տասնամյակների միջազգային ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պատրաստակամության մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև այս տարվա հունվարի 9-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալից հերթական հայտարարություններից հետո, որոնք հնչել էին հունվարի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցներում։
Հայաստանի միջազգային հայցերը
2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանը մի շարք հայցեր է ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Ներկայում, ՄԻԵԴ-ում քննվում է Հայաստանի մասնակցությամբ յոթ միջպետական բողոք: Հայաստանը դիմել է Ադրբեջանի դեմ չորս գործով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում իրավունքների խախտումների; Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված հայ ռազմագերիների; Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման հետևանքով խախտումների; և Արցախի բնակչության հարկադիր տեղահանման վերաբերյալ:
Հայաստանը բողոք է ներկայացրել նաև Թուրքիայի դեմ՝ Ադրբեջանին աջակցելու համար: Ադրբեջանը իր հերթին ներկայացրել է երկու բողոք Հայաստանի դեմ՝ Հայաստանին մեղադրելով Ղարաբաղյան երկու պատերազմների ընթացքում խախտումների և վերաբնակեցման ու ադրբեջանական գույքի ոչնչացման մեջ:
2021-ի սեպտեմբերին Հայաստանը դիմեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանին մեղադրելով Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան խախտելու մեջ։ Հայցը ներառում էր անհանդուրժողականություն և ռասայական խտրականություն հայերի նկատմամբ պետական քաղաքականության մակարդակով, ռազմագերիների և պատանդների իրավունքների խախտումներ, այդ թվում՝ նրանց խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք, ինչպես նաև Արցախի հայկական մշակութային կոթողների և հուշարձանների ոչնչացում։
2021-ի դեկտեմբերին դատարանը բավարարեց Հայաստանի միջանկյալ միջոցների կիրառման պահանջը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ապահովել ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը և կանխել հայերի հանդեպ խտրական վերաբերմունքը։
Թեմա
Civilnet









