Գյումրիի քաղաքապետարանին դատի են տվել

Շինարարական երկու ընկերություններ օրերս դատի են տվել Գյումրիի քաղաքապետարանին՝ կատարված շինաշխատանքների դիմաց կուտակված պարտքերը վճարելու պահանջով, հաղորդում է Galatv.am-ը:

Քաղաքապետարանին դատի տված ընկերությունները «Դանիկո» և «Մերձմոսկովյան» ՍՊԸ–ներն են, որոնք Գյումրի քաղաքում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացրել, և քաղաքապետարանի հետ ունեն կնքած պայմանագրեր:

Գյումրու քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը Galatv.am-ի հետ զրույցում ասել է, թե նշված ընկերությունները համապատասխան հայցով դատարան դիմել են մի քանի օր առաջ, սակայն դատական որևէ նիստ չի կայացել, քանի որ այդ ընկերությունները քաղաքապետարանի հետ արդեն կնքել են հաշտության համաձայնագրեր:

«Գյումրեցի ընկերներ» շինարարական կազմակերպությունը, որը ևս ասֆալտապատման աշխատանքներ է իրականացրել Գյումրիում, և քաղաքապետարանը այդ ընկերությանը ևս մեծ չափի պարտքեր ունի, դեռ չի պատրաստվում հաշտության պայմանագիր կնքել Գյումրիի քաղաքապետարանի հետ: Նշված ընկերությունից միայն համապատասխան փաստաթուղթ է ուղարկվել քաղաքապետարան, որ պարտքերը չվճարելու դեպքում դատարան են դիմելու:

Նշենք, որ քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն` «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպությունը պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն ՝ Սպարտակ Ղուկասյանին: